Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան «Երևանյան երկխոսություն- 2026» միջազգային համաժողովի ժամանակ պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր դիմակայությունում ժամանակակից տեխնոլոգիաների դերի մասին։

«Հինգ տարի առաջ տեխնոլոգիաների շնորհիվ մեզ հաջողվեց ապացուցել, որ բռնապետը պարտվել է ընտրություններում. բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես նաև տարբեր մեսենջերները մարդկանց հնարավորություն տվեցին դուրս գալ փողոց և համակարգել իրենց գործողությունները։ Ընդ որում, Լուկաշենկոն չկարողացավ Բելառուսում ամբողջությամբ անջատել ինտերնետը։

Միևնույն ժամանակ, նրա բռնաճնշումներից հետո տեխնոլոգիաներն ու մեսենջերները մեզ համար կապ ապահովեցին տեղի մարդկանց հետ այն բանից հետո, երբ մեր շատ գործընկերներ ստիպված եղան լքել երկիրը։ 

Խնդիրն այն է, որ բռնապետները ևս սովորում են օգտագործել տեխնոլոգիաներն իրենց շահերի համար, և այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ինչպես ի բարօրություն, այնպես էլ ի չարս՝ կախված նրանից, թե ում ձեռքում են դրանք գտնվում։

Մենք շատ ստեղծագործ ազգ ենք, օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները՝ քարոզչությանը և ռեժիմին դիմակայելու համար։ Մենք լավ հարաբերություններ ենք հաստատել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, ինչպիսիք են Google-ը, Meta-ն, տարբեր մեսենջերներ, համագործակցում ենք նրանց հետ և խնդրում արգելափակել քարոզչական նարատիվները»,- նշել է Տիխանովսկայան։