ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ Միացյալ Նահանգները՝ Բահրեյնի և Պարսից ծոցի մեր գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և Կատարի հետ միասին, պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ՝ ի պաշտպանություն Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նախագիծը պահանջ է ներկայացնում Իրանին՝ բացահայտել իր կողմից տեղադրված ծովային ականների քանակն ու գտնվելու վայրը և համագործակցել դրանց վնասազերծման ջանքերում, ինչպես նաև աջակցել մարդասիրական միջանցքի ստեղծմանը։

«Միացյալ Նահանգներն անհամբերությամբ սպասում է առաջիկա օրերին այդ բանաձևի քվեարկությանը և հույս ունի ստանալ Անվտանգության խորհրդի անդամների ու համահեղինակների լայն շրջանակի աջակցությունը»,- նշվում է Ռուբիոյի հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պատանդ պահել համաշխարհային տնտեսությունը՝ Հորմուզի նեղուցը փակելու իր փորձերով, նեղուցում նավերի վրա հարձակվելու սպառնալիքներով, նավագնացության համար վտանգ ներկայացնող ծովային ականների տեղադրմամբ և աշխարհի ամենակարևոր ջրային ուղով անցնելու համար վճար գանձելու փորձերով։ Բանաձևի նախագիծն Իրանից պահանջում է դադարեցնել հարձակումները, ականապատումը և անցավճարների գանձումը»,- նշել է Մարկո Ռուբիոն։