Ամերիկյան ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրը փակվել են կայուն աճով։ Դա հիմնականում կապված է եղել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հույսերի, ինչպես նաև դրական կորպորատիվ հաշվետվությունների հետ։

Համաշխարհային շուկաներին աջակցել է Axios պորտալի հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են այնպիսի համաձայնության կնքմանը, որը թույլ կտա կանգնեցնել պատերազմը։

Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի նախագահ Ալբերտո Մուսալեմը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսության և երկրի դրամավարկային քաղաքականության հեռանկարները համարում է «չափազանց անորոշ»։ Միևնույն ժամանակ, նա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում ԱՄՆ-ում գնաճի արագացման ռիսկն ավելի բարձր է համարում, քան աշխատաշուկայի վիճակի վատթարացման ռիսկը։

ADP վերլուծական ընկերության կողմից մայիսի 6-ին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ ապրիլին ԱՄՆ տնտեսության մասնավոր հատվածում աշխատատեղերի աճը հասել է առավելագույն ցուցանիշին՝ 2025 թվականի հունվարից ի վեր։ Անցյալ ամիս աշխատատեղերի թիվն ավելացել է 109 հազարով, մինչդեռ Trading Economics-ի հարցված փորձագետները միջինում կանխատեսում էին 99 հազարի աճ։ Հրապարակված վիճակագրությունը վկայում է շուկայի կայունության մասին, ինչը թույլ է տալիս Դաշնային պահուստային համակարգին չշտապել բազային տոկոսադրույքի նվազեցման հարցում։

Չորեքշաբթի օրը Dow Jones-ի բաղադրիչների թվում աճի առաջատար են դարձել Walt Disney Co.-ի բաժնետոմսերը: Ընկերության դրական հաշվետվության շնորհիվ դրանք թանկացել են 7,5%-ով։ Երկրորդ ֆինանսական եռամսյակում ընկերության ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։

Advanced Micro Devices (AMD)-ի ուժեղ եռամսյակային արդյունքներն ու կանխատեսումները հանգեցրել են ընկերության արժեթղթերի գնի 18,6%-ով բարձրացմանը և աջակցել չիպ արտադրողների բաժնետոմսերին։

Intel Corp.-ի շուկայական արժեքն աճել է 4,5%-ով, Micron Technology-ինը՝ 4,1%-ով։

Nvidia Corp.-ի կապիտալիզացիան աճել է 5,8%-ով։ Ընկերությունը երկարաժամկետ գործընկերության համաձայնագիր է կնքել հատուկ ապակիների, կերամիկայի և օպտիկամանրաթելային արտադրանքի արտադրող Corning Inc.-ի հետ։

Corning-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 12%-ով։

Uber Technologies Inc.-ի արժեթղթերի արժեքը բարձրացել է 8,5%-ով։ Տաքսի պատվիրելու և սննդի առաքման ծառայություններ մատուցող ընկերությունը 2026 թվականի առաջին եռամսյակում եկամուտը մեծացրել է 14%-ով (պատվերների ծավալի աճի շնորհիվ)։ Uber-ի ընթացիկ եռամսյակի կանխատեսումները գերազանցել են վերլուծաբանների սպասումները։

CVS Health Corp., Kraft Heinz Co. և Marriott International ընկերությունների բաժնետոմսերի հնանշումներն աճել են համապատասխանաբար 7,7%-ով, 2,4%-ով և 1,3%-ով, քանի որ դրանց եռամսյակային արդյունքները գերազանցել են շուկայի սպասումները։

Dow Jones-ի բաղադրիչների թվում անկման առաջատար են դարձել Chevron Corp.-ի արժեթղթերը (-3,9%)։ Բացի այդ, զգալիորեն էժանացել են Salesforce Inc.-ի (-3,1%), Cisco Systems Inc.-ի (-2,8%) և International Business Machines Corp.-ի (-1,4%) բաժնետոմսերը։

Չորեքշաբթի օրվա սակարկությունների փակման տվյալներով՝ Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 1,24%-ով՝ հասնելով 49910,59 կետի։

Standard & Poor's 500-ի արժեքն աճել է 1,46%-ով՝ մինչև 7365,12 կետ։

Nasdaq Composite ինդեքսը բարձրացել է 2,02%-ով՝ կազմելով 25838,94 կետ։

S&P 500-ը և Nasdaq-ը նոր ռեկորդներ են սահմանել։