Մայիսի 5-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում մեծ շուքով կայացավ Ուկրաինայի պետական համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Հոբելյանական միջոցառումը համախմբել էր բարձրաստիճան հյուրերի Հայաստանի Հանրապետությունից և Ուկրաինայից:
Միջոցառմանը շնորհավորական ուղերձներով հանդես եկան Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նատալիա Գալիբարենկոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և այլ պատվավոր հյուրեր:


Տոնակատարությանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաուման, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ Օկսանա Դեսյատնյուկի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և այլք:
Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորական ուղերձներ, որոնցում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց համալսարանի հիմնադրման պատմությանը, զարգացման կարևոր փուլերին, ինչպես նաև նրա ներդրմանը գիտակրթական ոլորտում։


Հանդիսավոր արարողության ընթացքում ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի հրամանով, պարգևատրվեց կրծքանշանով՝ գիտական և կրթական ձեռքբերումների համար: Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:
Նշենք, որ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հիմնադրվել է 2001 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում՝ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ, ՀՀ և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա, և հանդիսանում է Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայի սահմաններից դուրս:

































