Նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնում է ճնշումը Կուբայի կառավարության վրա՝ ուժեղացնելով մտավախությունները, որ կարիբյան կղզի ներխուժելու նրա բազմաթիվ սպառնալիքները կարող են իրականություն դառնալ, գրում է Axios-ը։
ԱՄՆ ներխուժումը Կուբա կդառնար Վաշինգտոնի և Հավանայի միջև ամենադրամատիկ բախումը 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր։ Դա նաև կլիներ Թրամփի քարոզարշավի ամենահամարձակ փորձությունը՝ ուղղված Արևմտյան կիսագնդում ԱՄՆ ազդեցության ընդլայնմանը՝ «Մոնրոյի դոկտրինի» նրա մեկնաբանության շրջանակում։
Ըստ CNN-ի իրականացրած թռիչքային տվյալների վերլուծության՝ փետրվարից ի վեր Կուբայի ափերի մոտ կտրուկ աճել է ԱՄՆ հետախուզական թռիչքների թիվը։
Անցյալ հինգշաբթի ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց Հավանայի դեմ, ինչը Կուբայի արտգործնախարարին դրդեց այդ միջոցները բնութագրել որպես «ցեղասպանական բնույթի կոլեկտիվ պատիժ»։
Կղզին ապրում է ծանրագույն ճգնաժամ, որը կուբայական իշխանությունները կապում են ամերիկյան «էներգետիկ շրջափակման» հետ, ինչը խոչընդոտում է նավթի մատակարարումները։ Իրավիճակը վատթարացավ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո, որից հետո Կուբան կտրվեց ռեսուրսների հիմնական մատակարարից։
Առայժմ չկան վերջնական նշաններ, որ Թրամփը Կուբան կընտրի որպես հաջորդ թիրախ։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան լրագրողներին հայտնել է, որ Սպիտակ տանը անցկացված փակ հանդիպման ժամանակ Թրամփը մասնավոր զրույցում վստահեցրել է իրեն, որ Կուբա ներխուժելու մտադրություն չունի։
Ընդսմին, Թրամփը բազմիցս հետաքրքրություն է հայտնել ռազմական գործողության նկատմամբ։ Ուրբաթ օրը նա ենթադրել է, որ Իրանի հետ պատերազմից հետո ԱՄՆ վերադարձող ավիակիրը կարող է տեղակայվել Կուբայի ափերի մոտ։
«Այն կարող էր մոտենալ, կանգնել ափից 100 յարդ հեռավորության վրա, և նրանք կասեին. «Շատ շնորհակալություն։ Մենք հանձնվում ենք»»,- հայտարարել է նախագահը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ կուբացի ներգաղթյալների որդին, անցյալ շաբաթ հայտարարել է, որ երկրի տնտեսական համակարգը ոչ ֆունկցիոնալ է և ենթակա չէ վերականգնման։
«Պատճառը, թե ինչու նրանք չեն կարողանում այն շտկել, միայն այն չէ, որ նրանք կոմունիստ են։ Դա էլ է բավական,- ասել է նա իշխող կուսակցության մասին։ -Բայց նրանք անձեռահաս կոմունիստներ են։ Միակ բանը, որ ավելի վատ է կոմունիստից՝ անձեռահաս կոմունիստն է»։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է Axios-ին. «Կուբան ձախողված պետություն է (failing nation), որը տարիներ շարունակ սարսափելի է կառավարվել։ Նրանց կառավարիչները լուրջ պարտություն կրեցին՝ զրկվելով Վենեսուելայի աջակցությունից։ Ամենակարճ ժամկետներում նրանք կտապալվեն, և մենք կլինենք այնտեղ՝ նրանց օգնելու համար»։
Ֆլորիդայի միջազգային համալսարանի (FIU) Կուբայական հետազոտությունների ինստիտուտից Սեբաստյան Արկոսը կարծում է, որ ինտերվենցիան հավանական էր դեռ հունվարին, երբ Թրամփը Կուբան հայտարարեց «ԱՄՆ անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք», սակայն Իրանի հետ պատերազմը ռազմական ռեսուրսները շեղեց դեպի Մերձավոր Արևելք։
«Ամեն ինչ հետին պլան էր մղվել։ Հիմա, երբ Իրանի հետ պատերազմը գտնվում է անորոշ վիճակում, ես տեսնում եմ կենտրոնացման տեղաշարժ դեպի Կուբա»,- նշում է Արկոսը։
Նա կարծում է, որ Թրամփը դժվար թե ցամաքային զորքեր ուղարկի, բայց կարող է դիմել «հեռահար ռազմական գործողությունների» (Իրանի սցենարի նմանությամբ)՝ «ռեժիմին շոկի ենթարկելու, ղեկավարության մեջ պառակտում մտցնելու և նոր առաջնորդների հայտնվելու հնարավորություն ստեղծելու համար»։
Մայիսի 20-ին նշվում է Կուբայի Անկախության օրը (ԱՄՆ-ի կողմից կղզու օկուպացիայի ավարտի ամսաթիվը)։ Ըստ փորձագետների՝ այդ օրը հնարավոր են որոշակի իրադարձություններ։ Մայամիում և հենց Կուբայում աճում է տագնապալի սպասման զգացումը։





























