Արտաշատ խոշորացված համայնքի Նշավան գյուղի վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանը, որը նաեւ գյուղում բացված ՔՊ շտաբի ղեկավարն է, NEWS.am–ի հետ զրույցում պնդել է, թե ինքը ՔՊ շտաբի պաստառները պոկած տղամարդու դեպքով ոստիկանություն է ահազանգել ոչ թե նրա կատարած արարքի հիմքով, այլ որպեսզի տղամարդուն տեղափոխեն հոգեկան առողջական կենտրոն, քանի որ նկատել է՝ վիճակի վատթարացել էր։
Չնայած գյուղապետի պնդումներին՝ նա ահազանգել է ոչ թե «Շտապօգնություն», ինչպես որ պետք է վարվեր, եթե իր նպատակը տղամարդուն օգնություն ցույց տալն էր, այլ ոստիկանություն։ Իրավապահները տղամարդուն բերման էին ենթարկել, հոգեկան առողջության կենտրոնի փոխարեն տեղափոխել ձերբակալվածների պահման վայր։ Փաստացի, տղամարդը անմիջապես բուժօգնություն չէր ստացել եւ չի բացառվում՝ ոստիկանությունում գտնվելն անգամ վատթարացրել էր նրա առողջական վիճակը։
Ոստիկանությունը հաղորդել էր, որ մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, նրա մոտ նկատվել էր հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել էր շտապօգնություն: «Շտապօգնության» բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել էր հոգեկան առողջության կենտրոն։
Ոստիկանությունից հայտնել էին նաեւ, որ նույն օրը՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Տղամարդու՝ հոգեկան առողջության խնդիրների ունենալու մասին գյուղում տեղյակ են եղել, այդ թվում՝ վարչական ղեկավարը՝ Գարուշ Հովհաննիսյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ մահացածի մայրը իրեն բազմիցս դիմել է նրա վիճակի մասին անհանգստություններով, խնդրել, որ քայլեր ձեռնարկի՝ որդուն հարկադիր բուժման տեղափոխելու համար, քանի որ ինքնակամ հրաժարվել է ընդունել համապատասխան դեղորայքը եւ ընտանիքը մտավախություն է ունեցել, որ վատացող հոգեկան առողջական վիճակի հետեւանքով նա կարող է ինքնավնասում կատարել կամ վնասել իր շրջապատի անձանց։
Նշենք, որ տղամարդը 55 տարեկան էր։ Նա 2020 թվականից պարբերաբար բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեղադրանքը անընդունելի է որակել՝ նշելով՝ «Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը /Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածն է/
Պատիժը` տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ։ Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել»։




























