«Մենք Հայաստան ենք եկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հրավերով եւ նպատակ ունենք մեծանուն ռեժիսորի արվեստը մեր երկիր տանել եւ ներկայացնել մեր ժողովրդին»,- դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերբիայի Նովի Սադ քաղաքի մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Տիբոր Վայդան։

Նշելով, որ իրենց այցի նպատակը երկու երկրների միջեւ մշակութային կապերի զարգացումն ու ամրապնդում է, նա նշեց, որ հայ եւ սերբ ժողովուդների բարեկամությունն առավել քան 700 տարվա պատմություն ունի։ Նրա խոսքով, թեպետ այսօր հայերի թիվը Սերբիայում չի անցնում 300-350 մարդուց, իսկ հայկական հուշարձաններ էլ այդ երկրի տարածքում չեն պահպանվել, նա հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Սերբիայի մշակույթների նախարարությունների ջանքերով մոտ ապագայում ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովը կլրացնի մինչ այժմ եղած բացը։ Տիբոր Վայդայի խոսքով, Նովի Սադում մինչեւ 1963թ. գործել է 1746թ. Մխիթարյան միաբանության կողմից կառուցված հայկական մի եկեղեցի, որը, սակայն, նույն վայրում պողոտա կառուցելու արդյունքում քանդվել է։

NEWS.am-ի հարցին, թե Սերբիայում հայ մեծանուն ռեժիսորին կճանաչե՞ն այնքան արագ եւ լավ, որքան սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային գիտեն Հայաստանում, Տիբոր Վայդան նկատեց, որ Սերբիայում առաջ էլ ծանոթ են եղել Փարաջանովի արվեստին, եւ այժմ իրենք փորձելու են սերբերին ավելի մոտիկից ճանաչել տալ Սերգեյ Փարաջանովին։