Երբ ամերիկյան նախկին նախագահները փորձում էին կապել վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձեռքերը, իսրայելցի առաջնորդը հաճախ օգտագործում էր ԱՄՆ քաղաքական համակարգի պառակտումները՝ Վաշինգտոնում ավելի բարյացակամ դաշնակիցներ գտնելու և իրեն պարտադրված սահմանափակումներից ազատվելու համար։

Սակայն այժմ Նեթանյահուն բացահայտում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հակամարտությունում բարձրագույն բողոքարկման ատյան պարզապես գոյություն չունի։ Թրամփն իր կուսակցությունը պահում է խիստ վերահսկողության տակ, և այդ ամենը տեղի է ունենում մի պահի, երբ դեմոկրատները գրեթե ոչ մի համակրանք չեն տածում իսրայելցի առաջնորդի նկատմամբ, գրում է Washington Post-ը։

Վերջին օրերին Թրամփն Իսրայելի նկատմամբ ցուցադրում է այնպիսի կոշտ ու անզիջում վերահսկողություն, ինչպիսին վերջին տասնամյակների ընթացքում իրեն թույլ չի տվել ամերիկյան և ոչ մի նախագահ: Երկուշաբթի նա հրապարակավ հայտարարեց, որ ստիպել է Նեթանյահուին հետ շրջել Իրանի դեմ արդեն իսկ սկսված հարձակումը։ Թրամփը գործընկերոջը պարզապես կանգնեցրել է փաստի առաջ՝ հակառակ դեպքում Իսրայելը Թեհրանի հետ «մեն-մենակ կմնա»։

Արդյունքը եղավ հազվադեպ տեսնված հրապարակային պառակտումը երկու առաջնորդների միջև, որոնք նախկինում ամուր դաշինք էին կառուցել՝ հաճախ այլ պետությունների կողմից չդադարող ճնշումների և դատապարտման ներքո։ Սակայն այժմ նրանց ներքաղաքական օրակարգերը արմատապես տարբերվել են. Թրամփին անհրաժեշտ է Իրանի հետ պատերազմի շուտափույթ ավարտ, մինչդեռ Նեթանյահուն ներքին հզոր ճնշման տակ է և պարտավոր է շարժվել դեպի Թեհրանի նկատմամբ «լիակատար հաղթանակ»։

Ամերիկյան պարադիգմի փոփոխությունը

Թրամփի զգուշացումն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է զրկել Իսրայելին իր աջակցությունից, արմատական շեղում էր Թել Ավիվին Իրանից գրեթե ցանկացած հանգամանքներում պաշտպանելու ամերիկյան բազմամյա գործելաոճից։ Ի դեպ, հենց Նեթանյահուն ժամանակին առանցքային դեր խաղաց Թրամփին համոզելու հարցում, որպեսզի վերջինս մասնակցի փետրվարին Իրանի դեմ իրականացված նախնական հարձակմանը։

Երկու առաջնորդների հարաբերությունների բարդ դինամիկան կարող է որոշել Մերձավոր Արևելքի ապագան մի ամբողջ սերնդի համար, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրին դրդում են զուտ ներքին քաղաքական դրդապատճառները։

Թրամփը ձգտում է դադարեցնել Իրանի հետ հակամարտությունը, հասնել Հորմուզի նեղուցի բացմանը և խստորեն սահմանափակել իրանական միջուկային ծրագիրը։ Նեթանյահուն, ընդհակառակը, համոզված է, որ չի կարող առանց ուղղակի պատասխանի թողնել Իրանի հարվածները, որոնք հասցվեցին այս հանգստյան օրերին։ Բացի դրանից, Իսրայելի ներսում նրան ավելի ու ավելի հաճախ են քննադատում՝ մեղադրելով «ամերիկյան վասալի» վերածվելու մեջ։

Երկուշաբթի Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ խաղաղության բանակցությունները շուտով կհանգեցնեն համաձայնագրի, «եթե միայն ինչ-որ մեկի տգիտությունը կամ հիմարությունը չկանգնի ճանապարհին»՝ հավելելով, որ և՛ Իսրայելը, և՛ Իրանը ցանկանում են պատերազմի ավարտը։

Նույն օրը իսրայելական 12-րդ ալիքին տված հարցազրույցում Թրամփը պատմել է, որ անձամբ է հրամայել Նեթանյահուին հետ կանգնել Իրանի հետ դիմակայությունից։

«Ինձ դիմել են տարածաշրջանի հինգ երկրների առաջնորդներ՝ խնդրելով ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի նա չհարձակվի,- հայտարարել է Թրամփը։- Ես Բիբիին ասացի. «Քեզ համար լավ կլինի ավելի զգույշ լինել քո քայլերում, որովհետև խիզախում ես Իրանի հետ մեն-մենակ մնալ»»։

Պառակտումն առավել հստակորեն նկատվեց անցյալ շաբաթ, երբ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խստորեն հանդիմանեց Նեթանյահուին այնպիսի գործողությունների համար, որոնք հարվածի տակ են դնում Իրանի հետ առանց այդ էլ փխրուն հրադադարի համաձայնագիրը։

«Նա պարզապես ընտրություն չի ունենա,- կիրակի Financial Times պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել էր Թրամփը։- Այստեղ ես եմ հրամայում։ Ես եմ ընդունում բոլոր որոշումները։ Ոչ թե նա»։

Իսրայելցի առաջնորդի նկատմամբ նման տոնայնությունն աննախադեպ է թվում, քանի որ ամերիկյան նախագահները պատմականորեն միշտ վախեցել են ցույց տալ անգամ չնչին կասկած՝ Իսրայելի անվտանգությանն իրենց հարյուր տոկոսանոց հավատարմության հարցում։

«Ամերիկյան և ոչ մի նախագահ երբեք հրապարակավ չի խոսել Իսրայելի վարչապետի հետ այնպես, ինչպես Թրամփն է խոսում Նեթանյահուի հետ»,- նշում է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի նախկին դիվանագետ և ամերիկա-իսրայելական հարաբերությունների փորձագետ Աարոն Դևիդ Միլլերը։

«Թրամփը Իսրայելի վարչապետի նկատմամբ ունի քաղաքական ճնշման այնպիսի մակարդակ, որպիսին չի եղել մեր հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում։ Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ Հանրապետական կուսակցությունն այսօր ամբողջությամբ պատկանում է իրեն»,- հավելում է Միլլերը։

Թրամփը միաժամանակ ենթարկվում է ներքին կոշտ ճնշման, որը հակասում է Թել Ավիվի առաջնահերթություններին։ Սպասվում է, որ հանրապետականները կարող են լուրջ կորուստներ կրել Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում, և այդ կորուստները կլինեն էլ ավելի կործանարար, եթե Իրանի հետ պատերազմը ձգձգվի և շարունակի բարձրացնել բենզինի գները ԱՄՆ-ում։

Այդուհանդերձ, Սպիտակ տունը փորձում է ամեն կերպ հարթել առաջնորդների միջև առկա հակամարտության ցանկացած ակնարկ։

Քաղաքական թակարդ «Բիբիի» համար

Ամիսներ շարունակ Նեթանյահուն հանդես է եկել Թեհրանի հետ ցանկացած գործարքի դեմ և հրապարակավ կոչ է արել Իրանում վարչակարգի փոփոխություն իրականացնել։ Նրան գրգռում են նաև Իրանի,  իսկ այժմ արդեն նաև Թրամփի փորձերը՝ կապել Իսրայելի ձեռքերը Լիբանանում, որտեղ «Հըզբոլահի» դեմ ռազմական գործողությունները տարբեր ուժգնությամբ շարունակվում են արդեն գրեթե երեք տարի։

Իսրայելցիներին խոստանալով ամբողջությամբ վերացնել «Հըզբոլահից» բխող սպառնալիքը՝ Նեթանյահուն գնում է հսկայական ներքաղաքական ռիսկերի երկրի ներսում, եթե բնակչության մոտ տպավորություն ստեղծվի, թե նա տեղի է տվել հրադադարի վերաբերյալ Թրամփի պահանջներին, որոնք ներառում են Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը։

Մինչ օրս Նեթանյահուն ջանասիրաբար խուսափել է Թրամփի հետ իր փոխհարաբերությունների մասին որևէ մեկնաբանությունից։ Իսրայելի համար, որտեղ ԱՄՆ նախագահը վիթխարի ժողովրդականություն է վայելում, դա չափազանց նուրբ թեմա է։ Վերլուծաբանները համամիտ են. եթե Նեթանյահուն հրապարակավ ընդունի լարվածության առկայությունը, նա ռիսկի կենթարկվի հարուցել Թրամփի կատաղությունը կամ վերջնականապես կործանել իր համբավը՝ որպես միակ իսրայելցի քաղաքական գործչի, որն ընդունակ է վիրտուոզ կերպով կառավարել Վաշինգտոնի հետ հարաբերությունները։

Անցյալ շաբաթ, երբ Թրամփը հայտարարեց, որ զգուշացրել է Նեթանյահուին Բեյրութի գրոհից և քննադատեց նրան «Հըզբոլահի» դեմ «մշտական պատերազմի» համար, իսրայելյան վարչապետի ներքին մրցակիցներն անմիջապես անցան հարձակման։ Նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը սպասվող ընտրություններում կրկին հավակնում է այդ աթոռին, հայտարարեց, որ Նեթանյահուն «կորցրել է վերահսկողությունը Իսրայելի ինքնիշխանության նկատմամբ»։

Իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը՝ Բենեթի քաղաքական դաշնակիցը, էլ ավելի կոշտ արտահայտվեց՝ հայտարարելով, որ Նեթանյահուի վարչապետության օրոք Իսրայելը վերածվել է Միացյալ Նահանգների «բացարձակ վասալի»։

Երբ երկուշաբթի օրը Իրանն ու Իսրայելը փոխադարձաբար չեղարկեցին հերթական հարվածները, Նեթանյահուն հանդես եկավ մարտական ելույթով՝ ընդգծելով, որ իր ձեռքերը նախկինի պես ազատ են Լիբանանում գործելու համար։

Իրանը փնտրում է «թույլ օղակը»

Թրամփի և Նեթանյահուի միջև աճող լարվածությունը ռիսկեր է պարունակում երկուսի համար էլ, քանի որ Իրանը ձգտում է առավելագույնս օգտագործել ցանկացած ճեղք, որն ընդունակ է պառակտել Իսրայելի և Վաշինգտոնում նրա երկարամյա հովանավորի տանդեմը։

Այն դեպքում, երբ շատ արտաքին դիտորդներ վիճում են՝ որքանով է խոր և տևական Թրամփի ու Նեթանյահուի միջև պառակտումը, Իրանը լիովին կարող է միտումնավոր կերպով փորձարկել այդ հարաբերությունների ամրությունը, կարծում է ԿՀՎ-ի  մերձավորարևելյան գործողությունների նախկին ղեկավար Թեդ Սինգերը։

«Իրանցիներն ընդունակ են խաղն ընթացնել միանգամից մի քանի ուղղություններով,- նշում է Սինգերը։- Նրանք փորձում են շոշափել Բիբիի և Թրամփի միջև առկա այդ կարը և խորացնել նրանց միջև տարաձայնությունները։ Միաժամանակ նրանք ամրապնդում են իրենց մնացած պրոքսիների, առաջին հերթին՝ «Հըզբոլահի» դիրքերը։ Եվ դրա հետ մեկտեղ Պարսից ծոցի միապետություններին ազդակ են հղում. «Է՛յ, չմոռանաք, հութիները դեռ այստեղ են»»։

Իսրայելի արտաքին հետախուզության՝ «Մոսադ»-ի վերլուծական բաժնի նախկին ղեկավար Սիմա Շայնը նշում է, որ վերջին շաբաթների բազմաթիվ զեկույցներ մատնանշում են Թրամփի, նրա խորհրդականների և Նեթանյահուի միջև առկա իրական և գնալով խորացող անվստահությունը։ Այդ խորհրդականներից ոմանք լուրջ մտահոգված են Իսրայելի վարչապետի ազդեցությամբ։

«Թրամփի շրջապատում աճում է խուլ դժգոհությունը. այնտեղ համարում են, որ Նեթանյահուին հաջողվում է մանիպուլյացիայի ենթարկել նախագահի կարծիքը և ազդել նրա վրա,- ասում է Շայնը։- Յուրաքանչյուր ոք, ով ճանաչում է Նեթանյահուին, գիտի, որ նա ի ծնե մանիպուլյատոր է, և Իրանի հետ համաձայնագիրը նրա ծրագրերի մեջ չի մտնում»։

Սակայն Նեթանյահուն երկրի ներսում կբախվի աղետալի քաղաքական հետևանքների, եթե թվա, թե նա զիջում է Թրամփին այնպիսի հարցերում, որոնք իսրայելական հասարակությունը համարում է կենսականորեն կարևոր երկրի անվտանգության համար։

«Ամբողջ Twitter-ն ու Facebook-ը հեղեղված են մի հին տեսանյութի վերահրապարակումներով, որտեղ Բիբի Նեթանյահուն կանգնած է Քնեսեթի ամբիոնի մոտ և ասում է. «Վարչապետն այն մարդն է, ով կարող է «ոչ» ասել ԱՄՆ նախագահին»։ Դրանք նրա սեփական խոսքերն են»,- հիշեցնում է Սիմա Շայնը։

Փոխադարձ վիրավորանքների պատմությունը

Թեև ընթացիկ խայթոցների փոխանակումն առանձնապես սուր տեսք ունի, երկու առաջնորդների միջև տարաձայնությունները մեկ անգամ չէ, որ դուրս են եկել հանրային տիրույթ. ընդ որում՝ Թրամփի նախագահական երկու ժամկետների ընթացքում էլ։

2020 թվականին Թրամփը հրապարակավ դժգոհում էր, որ Նեթանյահուն շտապել է շնորհավորել Ջո Բայդենին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև կշտամբում էր Իսրայելին այն բանի համար, որ վերջինս փաստացիորեն հետ է կանգնել իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վերացման ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած գործողությունից։

Անցյալ տարի Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ Թրամփը, չամաչելով հեռուստախցիկներից, հենց Սպիտակ տան մարգագետնում անպարկեշտ հայհոյանքներ էր օգտագործում՝ նկարագրելով իր կատաղությունն Իրանը ռմբակոծելու Նեթանյահուի փորձերի պատճառով՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ինքը՝ Թրամփը, հանդես էր եկել որպես միջնորդ հրադադարի համաձայնության ձեռքբերման հարցում։

Իսկ երբ Նեթանյահուն հարված հասցրեց Կատարին (տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային դաշնակցին)՝ բանակցությունների թեժ պահին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերացնելու ձախողված փորձի ընթացքում, Թրամփը վերջնագրային ձևով իսրայելական վարչապետին ստիպեց հեռախոսով ներողություն խնդրել Կատարի էմիրից՝ հենց Օվալաձև կաբինետից։

Այս տարվա մարտին Թրամփն ընդհանրապես պնդում էր, թե ոչինչ չգիտեր իրանական «Փարս» գազային հանքավայրին հարված հասցնելու Նեթանյահուի մտադրության մասին։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները մինչ օրս տարբեր վարկածներ ունեն այն մասին, թե հենց ինչ և որ պահին են ամերիկացիներն իմացել «Փարսի» վրա հարվածի, օգոստոսին Դոհայում տեղի ունեցած հարձակման և կիրակի օրը Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածների մանրամասների վերաբերյալ։