Մայիսի 5-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահական քարոզարշավի շրջանակներում իր համախոհներին բացատրել է, թե ինչու չի կարելի քվեարկել Միթ Ռոմնիի օգտին. պահպանողականներին չի հուզում միջին խավը: Նա ամերիկացիներին կոչ է արել Ռոմնիին հնարավորություն չտալ:
«Սա հերթական նախագահական ընտրություները չեն, սա բախտորոշ պահ է միջին խավի համար», - հայտարարել է գործող նախագահը Օհայո նահանգի հանրահավաքում ելույթ ունենալով, որտեղ հավաքվել էր 10 հազար մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Օբաման մեկնաբանել է, որ Ռոմնին եւ նրա ընկերները Կոնգրեսում ձգտում են իջեցնել հարուստների հարկերը եւ կրճատել ֆինանսական ծրագրերը, որոնք աջակցում են միջին խավի ներկայացուցիչներին: Ըստ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի` հանրապետականները հույս ունեն, որ ընտրողները պարզապես չեն հիշի, թե ինչի էր հանգեցրել նրանց վերջին տնտեսական քաղաքականությունը, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ վերջին հարցումների տվյալների, որոնք հրապարակվել էին RealClearPolitics կայքում, Օբաման մի փոքր առաջ է անցել Ռոմնիից` 47%-ը 44%-ի դիմաց:



























