Մեքսիկացի հնագետները երկրի արևելքում գտնվող Վերակրուս նահանգում հայտնաբերել են հին ավերակներ՝ մայաների մշակույթի նշաններով, ինչպես նաև նախկինում չհանդիպած տարրերով։ Այդ մասին հայտնում են տեղացի հետազոտողները։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը գտածոն անվանել է «շատ նշանակալի» և հայտարարել, որ կառավարությունը միջոցներ կհատկացնի օբյեկտի ուսումնասիրման և վերականգնման համար։

Հայտնաբերված արտեֆակտների թվում է կլոր քարե հարթակ, որը նմանը չունի Մեքսիկայի այս հատվածում։ Հայտնաբերվել է նաև մոնոլիտ՝ հնարավոր մայայական գծերով կերպարի պատկերով, հայտնել են Հնագիտության և պատմության ազգային ինստիտուտում (INAH)։

Հետազոտողների խոսքով՝ քարի վրա պատկերված է խորհրդանշական տեսարան՝ երկու կերպարով, որոնք, հավանաբար, անոթից ստանում են ինչ-որ հեղուկ, ենթադրաբար՝ ջուր, որն ունի սրբազան նշանակություն։

Հնագետները ենթադրում են, որ պատկերը կարող է կապված լինել տարածաշրջանում ուժեղ երաշտի ժամանակաշրջանի հետ, ինչը բացատրում է աստվածությանը «կենսատու հեղուկ» խնդրելու տեսարանը։