Կոլումբիացի ձախակողմյան սենատոր Իվան Սեպեդան ընդունել է պարտությունը նախագահական ընտրություններում՝ հայտարարելով, որ քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն հարգանքի և երկխոսության միջոցով, սակայն միաժամանակ մեղադրել է իր մրցակցին ձայներ գնելու մեջ։ Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախնական հաշվարկի տվյալներով՝ Սեպեդան 1%-ից պակաս ձայների տարբերությամբ զիջել է աջակողմյան, իսրայելամետ փաստաբան Աբելարդո դե լա Էսպրիելյային՝ հավաքելով 48,7%։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կսպասի Ընտրողների ազգային ռեգիստրի արդյունքների վերջնական ստուգմանը։
Ընտրական մարմինը հայտնել է, որ վերջնական հաշվարկը նախնականից տարբերվում է ընդամենը 0,003%-ով։
«Ես որոշել եմ ընդունել այս գործընթացի արդյունքը, որը ցույց է տալիս, որ Աբելարդո դե լա Էսպրիելյան հանրապետության նոր նախագահն է։ Ես դա անում եմ որպես ժողովրդավարական պատասխանատվության քայլ. ես դա անում եմ հանուն կոլումբիացիների միջև համակեցության, խաղաղության և երկխոսության խթանման»,- Բոգոտայում իր կուսակցության կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Սեպեդան։
Միաժամանակ, նա ԱՄՆ-ին մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ՝ պնդելով, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է դե լա Էսպրիելյային, ինչպես նաև հայտարարել է արհեստական բանականության ստեղծած բովանդակության միջոցով ընտրողների մանիպուլյացիայի ենթարկելու մասին։ Սեպեդան իր մրցակցին մեղադրել է նաև ձայների գնման լայնածավալ արշավ իրականացնելու մեջ։
Աբելարդո դե լա Էսպրիելյան, իր հերթին, խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել հանցավորության դեմ, ապահովել երկրի տնտեսական վերականգնումը և Սեպեդային նույնպես մեղադրել է ձայներ գնելու մեջ։





























