Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի գործը նախագահող դատավոր Վենչ Էլիզաբեթ Արնթզենը չի կարողացել զսպել զգացմունքները եւ սկսել է հեկեկալ հենց դատարանի դահլիճում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, այս օրերին Օսլոյի շրջանային դատարանում ծայրահեղ ծանր մթնոլորտ էր տիրում.  մայիսի 4-11-ը քննիչները եւ դատաբժշկական փորձագետները զեկուցում են Ուտոյայում զոհված 69 մարդկանց դիահերձման արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, մայիսի 7-ին դատարանում կարդացել են Անդրես Բրեյվիկի սպանած 13 դեռահասների մասին: Ընդ որում ներկայացվել են տանջամահ արված մարմինների լուսանկարները: 

Դատավոր Վենչ Էլիզաբեթ Արնթզենը լաց է եղել եւ հետո բազմիցս ստիպված է եղել թաշկինակով սրբել աչքերը: Բրեյվիկը մեղադրայլների աթոռին նստած է եղել վերացած, ոչինչ չարտահայտող դեմքով:

Դատավորի գործընկերները նշել են, որ մարդկայնորեն Արնթզենի զգացմունքային արձագանքը բացատրելի է, սակայն ընդգծել են  մասնագիտական տեսանկյունից նման պահվածքն անընդունելի է: Գործընթացը վարող դատավորը պետք է սառնասիրտ  լինի, կարծում են իրավաբանները: 

2011 թվականի հուլիսի 22-ին աջծայրահեղական նորվեգացի ֆանատ Անդերս Բրեյվիկը երկու ահաբեկչություն է իրականացրել, որի զոհ են դարձել 77 մարդ:

Նորվեգիայում Բրեյվիկի դատն ընթանում է ապրիլի կեսից: