Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին իշխող «Ազատության ժողովուրդ» կուսակցության կողմից դեկտեմբերի 13-ին Միլանում կազմակերպված ցույցի ժամանակ հարձակման է ենթարկվել։

Բեռլուսկոնիի ելույթից հետո նրան է մոտեցել մի տղամարդ՝ ձեռքին ինչ-որ բան բռնած, եւ դրանով հարվածել է նրա դեմքին։ Արդյունքում Իտալիայի վարչապետը, ինչպես հայտնում է France-Presse-ը, ընկել է եւ կորցրել գիտակցությունը, ինչից հետո նրան բարձրացրել են եւ նստեցրել ավտոմեքենա։

Ավելի ուշ պարզվել է, որ ջարդվել է 73-ամյա Բեռլուսկոնիի քիթը, վնասվել են երկու ատամները եւ շրթունքները։ Ներկայումս նա Միլանի հիվանդանոցներից մեկում է գտնվում։

Reuters-ի տվյալներով, ոստիկանությանը հաջողվել է բռնել հանցագործին։ Դա 42-ամյա միլանցի Մասսիմո Տարտալյան է, ով 10 տարի հոգեբույժի հսկողության տակ է գտնվել։ Նրան բուժող բժշկի խոսքով, սակայն, Տարտալյան վտանգ չէր ներկայացնում հասարակության համար, հայտնում են իտալական ԶԼՄ-ները։

Վարչապետի վրա կատարված հարձակումն իսկական իրարանցում է առաջացրել իտալական հասարակության մեջ։ Երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի խոսքով, հարձակման փաստը շատ լուրջ է։ Նա դատապարտել է կատարվածը եւ կոչ արել «կանգնեցնել բռնության ալիքը»։