ԻԼ-76 ինքնաթիռում հայտնաբերված ԿԺԴՀ-ին պատկանող զենքը, որ նախօրեին առգրավվել է Թայլանդում, նախատեսված է եղել է Շրի-Լանկայի եւ Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին հայտնում է թայլանդական The Bangkok Post թերթը՝ վկայակոչելով ինքնաթիռի հարցաքննված հինգ անդամներին:
Թերթի տվյալներով, ինքնաթիռի անձնակազմը, որ բաղկացած է Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիներից, հերքում է իր մասնակցությունը զենքի տեղափոխմանը: Նրանք պնդում են, թե որեւէ գաղափար չեն ունեցել, որ օդանավում զենք է եղել:
Նշենք, որ ավելի վաղ The Nation պարբերականը, վկայակոչելով ինքնաթիռի օդաչու՝ Բելառուսի քաղաքացի Միխայիլ Պետուխովին, հայտնել էր, որ բազմատոննայանոց բեռը նախատեսված է Ուկրաինայի համար:
Մինչդեռ, ինչպես հայտնում է AP-ն, Թայլանդի դատարանը ԻԼ-76-ի անձնակազմի կալանքը ավելացրել է 12 օրով:
Ղազախստանի ԱԳՆ-ում դեռ չեն մեկնաբանում այդ միջադեպը, մինչեւ գործի բոլոր մանրամասների բացահայտումը:
Վրաստանի միացյալ տրանսպորտային ընկերակցության ղեկավար Գեորգի Բոկուչավան լրագրողներին հայտնել է, որ Թայլանդի իշխանությունների ձերբակալած ինքնաթիռը ժամանակին վրացական ավիաընկերություններից մեկի կողմից լիզինգով հանձնված է եղել մի ուկրաինական ավիաընկերության:




























