Ռուսական գազի տարանցումը Հայաստան, որ իրականացվում է Վրաստանի տարածքով, ընդհատվել է խոշոր պատահարը կանխելու համար։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Վրաստանի գազամատակարարումը չի դադարեցվել, քանի որ այդ երկիրը գազ ստանում է Ադրբեջանից։
Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է գազամուղի Մոզդոկ-Վլադիկավկազ հատվածում։
Մոտակա ժամերին սակրավորները կսկսեն գազամուղի մոտ գտնվող ռումբի ականազերծումը, որը հայտնաբերվել է նախորդ գիշեր, ինգուշական Չելուկի գյուղի մոտ, հայտնում է «Մայակ» ռադիոկայանը։
Աղբյուրների տվյալներով, դիտման արդյունքում հայտնաբերվել են եւս մի քանի ռումբեր։ Ամենայն հավանականությամբ, դրանք տեղադրվել են այն բանի համար, որպեսզի պայթեն հիմնական ռումբի ականազերծման ժամանակ։
Դադարեցվել է նաեւ Հյուսիսային Օսիայի գազամատակարարումը, որտեղ երկու օրով դասերը հետաձգվել են։




























