Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ պահեստային պաշարների հաշվին: Այդ մասին NEWS.am-ից հայտնեցին «Հայռուսգազարդ» ընկերությունից:

Ընկերությունը նաեւ նշեց, թե իրենց պաշտոնապես տեղեկացրել են, որ դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, ինչը, ըստ ընկերության՝ պայմանավորված է "Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», « Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:

Մինչդեռ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ռուսական գազի տարանցումը Հայաստան, որն իրականացվում է Վրաստանի տարածքով, ընդհատվել է խոշոր պատահարը կանխելու համար. գազամուղի Մոզդոկ-Վլադիկավկազ հատվածում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: «Մայակ» ռադիոկայանի փոխանցմամբ, դիտման արդյունքում հայտնաբերվել են եւս մի քանի ռումբեր, որոնք ամենայն հավանականությամբ, տեղադրվել են այն բանի համար, որպեսզի պայթեն հիմնական ռումբի ականազերծման ժամանակ։ Նշենք, որ դադարեցվել է նաեւ Հյուսիսային Օսիայի գազամատակարարումը, որտեղ երկու օրով դասերը հետաձգվել են։