Թբիլիսիում «Սուրբ Նշան» եկեղեցին գտնվում է վթարային վիճակում, իսկ քաղաքի իշխանությունները անգործության են մատնվել:
Այդ մասին այսօր` մայիսի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ մայիսի 14-ի գիշերը քանդվել է եկեղեցու մի հատվածը, պաշտոնական վարկածով անձրեւների եւ մի քանի օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Կարապետյանը նկատել է, որ իրականում զանգակատունը քանդվել էր դեռ 80-ականներին, իսկ երկրորդ զանգակատունը արեւմտյան մասում մնացել էր:
Ըստ ճարտարագետի, Սուրբ Նշանը եզակի է Վրաստանում պահպանված եկեղեցիների մեջ: Նա նշել է, որ թեեւ եկեղեցու պատերը ամրացվել են մետաղական ամրաններով, սակայն պատերն այնքան թույլ են, որ կարող են ավելի շուտ քանդվել, քան ամրացնող կոնստրուկցիան: «Այդ եկեղեցին քարե չէ, այլ աղյուսե, ուստի չի քանդվում, այլ հալվում է: Հետեւաբար, այն վերականգնելը չափազանց բարդ կլինի»,- նշել է Կարապետյանը եւ հավելել, որ Վրաստանի իշխանությունը որեւէ ուշադրություն չի դարձնում հայկական եկեղեցիներին, ավելին` եկեղեցիները քանդվում են նրանց լուռ համաձայնությամբ:



























