Մահացել է Կարլոս Ֆուենտեսը` լատինամերիկյան ժամանակակից հայտնի գրողների վերջին ներկայացուցիչներից մեկը: 83-ամյա գրողի մահվան մասին մայիսի 15-ին իր  Twitter-ում  հայտնել էր Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Այդ նույն օրը Reforma թերթում հրապարակվել էր նրա վերջին էսսեն Ֆրանսիայում իշխանության փոխվելու մասին:

«Ես խորապես ցավում եմ մեր սիրելի եւ հարգելի Կարլոս Ֆուենտեսի` գրողի եւ աշխարհահռչակ մեքսիկացու մահվան կապակցությամբ: Հանգչիր խաղաղությամբ», - գրել է նախագահը:

Ֆուենտեսը մահացել էր Մեխիկոյի հարավում գտնվող հիվանդանոցում, ուր նա ավելի վաղ տեղափոխվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Լատինական Ամերիկայի ամենաարգասաբեր գրողներից մեկը` Ֆուենտեսը, հայտնի էր ոչ միայն իր գրական ստեղծագործությամբ, այլեւ  քաղաքական եւ մշակութային խնդիրների վերաբերյալ իր բազմաթիվ էսսեներով, նշում է BBC-ն:

Գրողը ծնվել է 1928 թվականին Պանամայում եւ 16 տարեկանում տեղափոխվել Մեքսիկա: Նրա հայրը դիվանագետ է եղել, այդ պատճառով էլ Ֆուենտեսի մանկությունն անց է կացել Արեւմտյան կիսագնդում տեղափոխություններով: Ըստ գրողի խոստովանության` այդ ճանապարհորդություններն իրեն օգնել են ճանաչել Լատինական Ամերիկան եւ օբյեկտիվ գնահատել այն:

Ֆուենտեսը ներկայացել է «Դիմակավորված օրեր» (1954) պատմվածքների գրքով: 1959 թվականին  «Անամպ պարզության եզրը» գրքի հրապարակումից հետո  նա միջազգային ճանաչում է ստացել: Նրա ամենահայտնի գրքերից է «Արտեմիո Կրուսի մահը» (1962) վեպը: