Աշխարհաքաղաքական անորոշությունը կարող է հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը, մինչդեռ հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել տարանցման և առևտրի զարգացմանը։ Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի տեսությունում։

2026 թվականի օգոստոսի 21-ին S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները BB-/B մակարդակում։ Երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը մնում է դրական։

«Դրական կանխատեսումն արտացոլում է Հայաստանի ներուժը՝ կայուն արտաքին դիրք ձևավորելու հարցում, որն ամրապնդվում է արտաքին պահուստների կայուն աճով և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական առաջընթացով, ինչը միասին ժամանակի ընթացքում կարող է նվազեցնել վճարային հաշվեկշռի խոցելիությունն ու աշխարհաքաղաքական խոցելիությունը։

Միևնույն ժամանակ մենք կարող ենք վերանայել կանխատեսումը դեպի կայուն, եթե տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերը զգալիորեն սրվեն կամ Ռուսաստանից աշխատուժի և կապիտալի ներհոսքը կտրուկ կրճատվի, ինչը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսական և բյուջետային ցուցանիշների, ինչպես նաև վճարային հաշվեկշռի վրա։

Մենք կարող էինք բարձրացնել վարկանիշը, եթե Հայաստանի վճարային հաշվեկշիռը շարունակեր ցուցադրել կայունություն անվտանգության և աշխարհաքաղաքականության ոլորտների ռիսկերի նկատմամբ։ Դրան կարող էին նպաստել արժութային պահուստների հետագա կուտակումը, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետագա առաջընթացը։ Վարկանիշի բարձրացում կարող էր տեղի ունենալ նաև, եթե տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերը կայուն կերպով նվազեին։

Վարկանիշների սահմանափակումներն են Հայաստանի՝ էական աշխարհաքաղաքական ռիսկերին և արտաքին անվտանգության ռիսկերին պահպանվող, թեև չափավոր նվազող, ենթարկվածությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքի զարգացման փուլում լինելը, մեկ շնչին ընկնող եկամտի չափավոր մակարդակը և վճարային հաշվեկշռի խոցելիությունը։ Վարկանիշներին աջակցում են Հայաստանի զգուշավոր քաղաքականությունը, նրա աճի բարձր հեռանկարները և պետական պարտքի չափավոր մակարդակը։

Չնայած ԵՄ-ի և այլ արևմտյան գործընկերների հետ կապերի խորացմանն ուղղված ջանքերին՝ Հայաստանի զգալի տնտեսական և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից շարունակում է սահմանափակել նրա ռազմավարական ճկունությունը։

Մենք կարծում ենք, որ իշխանությունները կշարունակեն բարելավել գործարար միջավայրը և զարգացնել ԵՄ-ի հետ ավելի սերտ առևտրային և ներդրումային կապեր, թեև Հայաստանի Ռուսաստանի հետ խոր տնտեսական կապերը կզսպեն հետագա դիվերսիֆիկացման տեմպերը», — նշվում է տեսությունում։