Ջրհեղեղները բազմիցս դարձել են աղետալի կորուստների պատճառ՝ ոչնչացնելով քաղաքներ և ամբողջ համայնքներ։ Ամենամահաբերը համարվում է 1931 թվականի ջրհեղեղը Չինաստանում․ տարբեր գնահատականներով՝ այն խլել է 1-ից 4 մլն կյանք, գրում է Interesting Engineering-ը։
Աղետը ընդգրկել է Յանցզի, Հուանհե և Հուայհե գետերի ավազանները՝ մի քանի ամիս տևած ծայրահեղ տեղումների, ձնհալի և մի շարք փոթորիկների հետևանքով։ Ջուրը հեղեղել է հսկայական տարածքներ, իսկ դրան հաջորդած սովն ու համաճարակները բազմապատկել են զոհերի թիվը։
1887 թվականին Հուանհեի վրա ամբարտակների փլուզումը հանգեցրել է, ըստ գնահատականների, 900 հազարից մինչև 2 մլն մարդու մահվան։ 1938-ին չինացի ազգայնականները իրենք քանդեցին Հուանհեի ամբարտակները՝ փորձելով կանգնեցնել ճապոնական զորքերի առաջխաղացումը։ Դրան հաջորդած ջրհեղեղը հեղեղեց մոտ 54 հազար քառակուսի կիլոմետր տարածք և, հավանաբար, խլեց մինչև 900 հազար մարդու կյանք։
Խոշորագույն աղետներից ևս մեկը դարձավ 1970 թվականին Բհոլա ցիկլոնով պայմանավորված ջրհեղեղը։ Փոթորկային ալիքը հարվածեց Գանգեսի և Բրահմապուտրայի ցածրադիր դելտային այն ժամանակվա Արևելյան Պակիստանում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը զոհերի թիվը գնահատում է 300–500 հազար մարդ։
1642 թվականին Հուանհեի ամբարտակների ճեղքումը ոչնչացրեց Կայֆենը՝ այն ժամանակվա Չինաստանի խոշորագույն քաղաքներից մեկը։ Պատմական տվյալներն ու հնագիտական վկայությունները մատնանշում են մոտ 300 հազար զոհ։
XX դարում ամենամահաբերներից էին նաև 1935 թվականի Յանցզիի ջրհեղեղը, որը խլեց մոտ 142 հազար կյանք, և 1975 թվականի Բանցյաո ամբարտակի աղետը։ Նինա թայֆունի հետ կապված ծայրահեղ տեղումներից հետո ամբարտակը փլուզվեց՝ առաջացնելով ջրամբարների պատնեշների ճեղքումների շղթա։ Զոհերի թվի գնահատականները հասնում են մինչև 171 հազարի, եթե հաշվի առնվեն նաև աղետի հետևանքները։
Նման աղետների ճշգրիտ վարկանիշ կազմել անհնար է։ Պատմական փաստաթղթերը հաճախ թերի են, իսկ գնահատականները կարող են ներառել ոչ միայն ջրհեղեղի ժամանակ անմիջապես զոհվածներին, այլև նրանց, ովքեր ավելի ուշ մահացել են սովից, հիվանդություններից և ենթակառուցվածքների ավերման հետևանքներից։
Այդ պատճառով ջուրը կարող է մահացու վտանգավոր մնալ նաև նահանջելուց հետո։ Ավերված տները, բերքը, ճանապարհներն ու սննդամթերքի պաշարները կարող են մի քանի օրվա ջրհեղեղը վերածել բազմամսյա հումանիտար աղետի։





























