Հայաստանում գնաճը կապված է ընտրությունների հետ. դրանից առաջ գնաճը նվազում կամ էլ ընդհանրապես կանգ է առնում, իսկ ընտրություններից անմիջապես հետո հերթական թռիչքն է տեղի ունենում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` Հայաստանում սպառողական գնաճը պայմանավորված է մի քանի գործոններով:
«№1 կետը ես արդեն հնչեցրի, հիմա №2 կետը. Հայաստանի խորհրդարանի 58%-ը օլիգարխներ են, որոնք կառավարում են ամեն ինչը եւ բոլորին: Իհարկե, օրինակ, շաքարի գինը կաճի, եթե Հայաստան շաքարի 99%-ը մեկ մարդ է ներկրում, իսկ մնացած 1%-ն էլի նա է ներկրում, այս անգամ արդեն ուրիշ անունով », - հայտարարել է Պողոսյանը:
Զրուցակիցը նշել է, որ հայկական օրենսդրությունն արգելում է շուկայում գերկուտակայնությունը, սակայն, դա չի պահպանվում: «Եթե խոսքը ներկրման մասին է, պետությունը պետք է ներկրման 20-30% քվոտաներ սահմանի, որի համար պետք է պայքարեն ներկրողները, մրցակցեն միմյանց հետ: Անգամ Բիլ Գեյթսն է ստիպված եղել կիսել այնպիսի հզոր հսկկային, ինչպիսին է Microsoft-ը, որպեսզի միակ մոնոպոլիստը չլինի շուկայում», - ընդգծել է Պողոսյանը, նշելով, որ եթե օրենսդրությունը կիրառվեր ըստ պատշաճի, Հայաստանում սպառողական շուկայի պատկերը բոլորովին այլ կլիներ:
Պատասխանելով այն հարցին, թե հայ սպառողն ինչպես կարող է իրեն պաշտպանել մենաշնորհներից, Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահը թերահավատորեն նշեց. «Ոչ մի կերպ: Սպառողը ձգտում է որակյալ արտադրանք գնել էժան գնով: Նա չունի եւ չի ունենա այդ հնարավորությունը, քանի դեռ Հայաստանում կա միայն մեկ շաքար, մեկ բենզին եւ այդպես շարունակ», - եզրափակել է նա:




























