Ուկրաինային սպասվում է 2022 թվականի ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր «ամենածանր ձմեռը»։ BBC-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար Ալեքսանդր Դե Կրոն։ Նրա խոսքով՝ էներգետիկ ենթակառուցվածքների լուրջ ավերածությունները կարող են հումանիտար աղետի հանգեցնել, եթե բնակիչները մնան առանց ջեռուցման, էլեկտրականության ու ջրի։
Բելգիայի նախկին վարչապետ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Դե Կրոն ընդգծել է, որ Ռուսաստանը թիրախավորված հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական ու էներգետիկ օբյեկտներին։ Նա նշել է, որ այժմ իսկական «ժամանակի հետ վազք» է ընթանում․ անհրաժեշտ է հասցնել վերականգնել էներգահամակարգը մինչև ցրտերի ու ջերմաստիճանի կտրուկ անկման վրա հասնելը։
«Այս ձմեռն ամենածանրն է լինելու պատերազմի սկզբից ի վեր», — ասել է Դե Կրոն՝ հավելելով, որ Ուկրաինան ձմեռ է մտնում արդեն իսկ խիստ թուլացած էներգահամակարգով, ինչն էլ «խոր մտահոգություն է առաջացնում» ՄԱԿ-ում։
ՄԱԶԾ ղեկավարի փոխանցմամբ՝ ռուսական հարվածներից վնասվում են նաև լիցքավորման կայաններ, առևտրային ու բիզնես կենտրոններ, սակայն ամենացավոտ խնդիրը էներգետիկ հանգույցների և էլեկտրահաղորդման գծերի թիրախավորումն է։ Երկու կողմերն էլ հերքում են քաղաքացիական օբյեկտներին միտումնավոր հարվածելու փաստը։
Վատթարագույն սցենարի դեպքում էներգահամակարգի խոշոր ավերածությունները մարդկանց կզրկեն տները ջեռուցելու հնարավորությունից, իսկ ջրամատակարարման ու կոյուղու խափանումները լրացուցիչ ծանր հետևանքներ կբերեն, մանավանդ որ Ուկրաինայում ձմռանը ցուրտը հասնում է մինչև −20°C-ի։ Դե Կրոն նախազգուշացրել է, որ կրիտիկական ենթակառուցվածքների շարքից դուրս գալու դեպքում իրավիճակը կարող է հասնել «հումանիտար աղետի»՝ բնակչությանը կանգնեցնելով զրկանքների ու տառապանքի առջև։
ՄԱԶԾ-ն օգնում է Ուկրաինային վերականգնել նախորդ ձմռանը վնասված էներգետիկ օբյեկտները, ինչպես նաև ստեղծել ապակենտրոնացված էներգիայի ավելի կայուն աղբյուրներ, որոնք դժվար է շարքից հանել մեկ հարվածով։
Այդուհանդերձ, վերականգնողական աշխատանքներն ընթանում են նոր հարվածների մշտական սպառնալիքի տակ։ Դե Կրոյի խոսքով՝ օդային տագնապների ժամանակ մասնագետները ստիպված են լինում ընդհատել աշխատանքը, քանի որ վերանորոգվող օբյեկտները կարող են կրկին հայտնվել թիրախում։ Նա ընդգծել է, որ մինչև ձմեռ այդ աշխատանքներն ավարտին հասցնելը «գրեթե անհնարին խնդիր է»։
Ձմռանն ընդառաջ՝ վերջին ամիսներին Ռուսաստանն ու Ուկրաինան սաստկացրել են օդային գրոհները։ Ռուսական կողմը սկսել է կիրառել ռեակտիվ շարժիչներով ավելի արագագործ անօդաչուներ, որոնք դժվար է խոցել։ Ուկրաինան իր հերթին շարունակում է ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերում գտնվող գազային, նավթային և լոգիստիկ ենթակառուցվածքներին։





























