Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է երկրում իսրայելական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքերի հավաքման ձեռնարկության բացման մասին, հայտնում է Associated Press-ը։

Նա նշել է, որ գործարանը տեխնիկա է արտադրելու Սերբիայի զինված ուժերի, ինչպես նաև այլ երկրների բանակների համար։

Ձեռնարկության բացումը տեղի է ունեցել հինգշաբթի։ Վուչիչը հայտնել է, որ գործարանում աշխատելու է մոտ 100 մարդ, և այնտեղ արտադրվելու է «ամենաժամանակակից սարքավորում»։ Ձեռնարկության վերաբերյալ այլ մանրամասներ սերբական իշխանությունները չեն բացահայտել։

Ապրիլին Վուչիչը հայտարարել էր Սերբիայում մարտական դրոնների արտադրության վերաբերյալ Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Նույն ամսին BIRN տարածաշրջանային ծառայությունը հայտնել էր, որ սերբական պետական սպառազինության արտադրող Yugoimport SDPR-ը պետք է իսրայելական Elbit Systems ընկերության հետ համատեղձեռնարկություն բացի։

Վուչիչը լրագրողների բացակայությունն արարողությանը բացատրել է արտադրական գործընթացին առնչվող գաղտնիության պահանջներով։ Ըստ նրա՝ Սերբիան իսրայելացի գործընկերների հետ միասին հույս ունի երկրում առնվազն ևս երեք նմանատիպ ձեռնարկություն բացել։

Սերբիայի նախագահը միաժամանակ գործարան այցի տեսանյութ է հրապարակել։ Կադրերում նա զննում է անօդաչու սարքը և ցուցադրում դրա աշխատանքը։ Ըստ Վուչիչի՝ դրոնները կարող են ներթափանցել պատուհաններով և հետապնդել թիրախը։

Նա հայտնել է նաև, որ անօդաչու թռչող սարքերի մարտական մասերը կարտադրվեն Krusik սերբական զենքի գործարանում։

Նոր ձեռնարկության բացումը դարձել է Բելգրադի՝ զինված ուժերի արդիականացման ջանքերի մի մասը։ 2024 թվականին Սերբիան պայմանագիր է կնքել ֆրանսիական 12 Rafale կործանիչների մատակարարման վերաբերյալ։ Բացի դրանից, երկիրը ռազմական տեխնիկա է գնում Չինաստանից և Ռուսաստանից։

Միաժամանակ Սերբիան պաշտոնապես ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը՝ միաժամանակ սերտ հարաբերություններ պահպանելով Մոսկվայի և Պեկինի հետ։