Սուդանի հյուսիս-արևելքում գտնվող ոսկու հանքահորի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել: Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է AP գործակալությունը։ Փլատակների տակ մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնվող հեռավոր Օնի շրջանում։ Ականատեսների փոխանցմամբ՝ փլուզումը սկսվել է շաբաթ երեկոյան։ Sudanese Mineral Resources Co. պետական ընկերության ներկայացուցիչը հստակեցրել է, որ կիրակի օրվա դրությամբ դուրս է բերվել 11 զոհվածի մարմին, իսկ 30 մարդու հաջողվել է փրկել։

Սա մեկ շաբաթվա ընթացքում Սուդանի ապօրինի ոսկու հանքերում տեղի ունեցած երկրորդ խոշոր փլուզումն է։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին, երկրի արևմուտքում հանքահորերի մի շարք փլուզումների հետևանքով առնվազն 82 մարդ էր զոհվել։