Վահան Պետրոսյանը մասնագիտությամբ երգիչ է, վոկալի մանկավարժ։ Ավարտելով Երևանի մշակույթի համալսարանը և անցնելով զինվորական ծառայությունը՝ նա 2008 թվականից ակտիվորեն զբաղվում էր երաժշտական գործունեությամբ, ելույթներ ունենում տարբեր միջոցառումների ժամանակ։ Զուգահեռաբար, նա տարիներ շարունակ ունեցել է ընդգծված քաղաքացիական դիրքորոշում և հասարակական ակտիվություն․ մասնակցել է բարեգործական ծրագրերի, կամավոր երգել ծերանոցներում ու մանկատներում, ապա նաև ակտիվորեն աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ ներգրավվելով նախընտրական քարոզարշավներում։ Համավարակն ու առաջին բողոքի ակցիաները

Վահանի կյանքում կտրուկ շրջադարձային եղավ 2020 թվականը։ COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով զանգվածային միջոցառումներն արգելվեցին, ինչի հետևանքով նա, ինչպես և մշակույթի ու ռեստորանային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, զրկվեց աշխատանքից և ապրուստի միջոցներից։

Իրավիճակին և ոլորտի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությանը չհամաձայնելով՝ 2020 թվականի հուլիսի 9-ին Վահանը մասնակցեց Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ցույցին։ Այդ ակցիան դարձավ իրավապահ համակարգի հետ նրա առաջին լուրջ բախումը։ Ցույցից օրեր անց նրան կանչեցին ոստիկանության բաժին, որտեղ հարցաքննությունը վերածվեց ճնշումների և ապօրինի պահման՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով ու ընդդիմադիր կուսակցական պատկանելությամբ։ Հետագա տարիներին՝ 2020-2023 թվականների ընթացքում, երկրում ստեղծված քաղաքական ու անվտանգային ճգնաժամերի, 44-օրյա պատերազմի և Արցախի շուրջ զարգացումների ֆոնին, Վահան Պետրոսյանն ավելի ակտիվորեն ներգրավվեց ընդդիմադիր շարժումների մեջ։ Նա մասնակցում էր հանրահավաքներին, քարոզարշավներին և իր համայնքի բնակիչների շրջանում իրականացնում իրազեկման աշխատանքներ։

Այնուամենայնիվ, քաղաքացիական ակտիվությանն ու ընդդիմադիր գործունեությանը զուգահեռ մեծանում էին նրա նկատմամբ իրականացվող ճնշումները․ Հասկանալով, որ երկրի ներսում այլևս չունի իրավական պաշտպանվածության քաղաքական հալածանքների պատճառով ստիպված եղավ լքել երկիրը։ Վահանը այժմ ապրում է ԱՄՆ-ում ու փորձում է կյանքը սկսել զրոյից։ Չի զբաղվում անգամ իր սիրելի գործով՝ այլևս չի երգում և որոշել է ուժերը փորձել միանգամայն այլ ոլորտում։

Լուսինե Այվազյան