Դիջիթեք բիզնես ֆորում 2012-ի նախապատրաստման շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսից հետո NEWS.am-ը «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին մի քանի հարց ուղղեց հեռահաղորդակցության ոլորտում ներկայիս միտումների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք Ի. Կլիմկոյի հետ հարցազրույցը:
Պրն. Կլիմկո, այնպիսի տպավորություն է, որ հեռահաղորդակցության շուկայում ընկերությունները մրցակցության հիմնական շեշտը դրել են սակագնային քաղաքականության վրա: Այդպե՞ս է արդյոք:
Օպերատորների առաջարկներում ներկայում գերակշռում են ոչ թե գնային, այլ տեխնոլոգիական առաջարկները: Սկսած ինտերնետի տարաբնույթ փաթեթներից, ինտերնետի արագությունից, վերջացրած տարբեր նոր ծառայություններով` գաջեթներ (gadget-Ս.Ա. ), հեռախոսներ, սմարթֆոններ եւ այլն: Այդ պատճառով սկզբունքորեն համաձայն չեմ, որ հիմա ընթանում է գնային մրցակցություն: Կարծում եմ` ընդհակառակը, գնային մրցակցությունն իրեն սպառել է, ու շուկայում չկա այդ երեւույթը: Մրցակցությունն ընթանում է սպասարկման որակի, տրամադրվող ծառայությունների որակի եւ հաճախորդի սիրո համար: Իմ տպավորությամբ` շուկայում այդ միտումներն են առնվազն վերջին 6 ամսում:
Վերջին շրջանում ունե՞ք եկամուտների անկում:
Եթե նայենք հաշվետվություններով` դա կարող եմ հաստատել ֆիքսված կապի գծով: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում վերջին 4 տարում նկատվում է ֆիքսված հեռախոսակապի եկամտաբերության անկում: Ավելի ու ավելի տարածում են գտնում թվային տեխնոլոգիաները, IP տեխնոլոգիաները, կապի այլընտրանքային միջոցները, ինչպես օրինակ Skype-ը, ու դա ամենուրեք անդրադառնում է ֆիքսված կապի եկամտաբերության վրա:
Ինչո՞վ եք բացատրում, որ «ԱրմենՏելը» կարողացավ գերիշխող դիրքեր գրավել ինտերնետի շուկայում:
Մենք շատ մեծ ներդրումներ ենք կատարել: Մի քանի տարի նպատակաուղղված գնում էինք նրան, որ շուկայում էական խաղացող դառնանք: Մենք լայնածավալ շինարարություն իրականացրեցինք մագիստրալային հիմնային ցանց ստեղծելու համար, որից հետո կարողացանք հաճախորդներին բարձրորակ եւ արագ DSL ինտերնետ առաջարկել: Մեր ցանցն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը, կարող եմ հպարտությամբ ասել, որ դա շատ հուսալի ցանց է: ԱՊՀ մյուս երկրների համեմատ մենք ունենք առավել զարգացած ու պաշտպանված մագիստրալային ցանցը: Բացի այդ` վերջերս մի քանի միացումներ ենք իրականացրել վրացական եւ իրանական կողմի հետ, որպեսզի ապահովենք անխափան ինտերնետ: Ներկայում ինտերնետի լայն սպառման շուկայում ամենապահանջարկված արագությունը 2-3 մեգաբիթն է (Մբ/վրկ,-խմբ), բայց տեխնիկապես պատրաստ ենք այդ արագությունը հասցնել մինչեւ 10 մեգաբիթի, եթե համոզվենք, որ շուկային այդ արագությունները իսկապես պետք են:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























