Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն որոշումը, որով միակողմանիորեն հանվել են պատժամիջոցային սահմանափակումները՝ Ռուսաստանին հնարավորություն տալով դիզվառելիք արտահանել։ Ուրբաթ օրը Axios-ին տված հեռախոսազրույցում նա այս քայլն անվանել է անարդար ու անազնիվ։
«Գիտեք, սա ասես Պուտինին արված ծննդյան նվեր լինի։ Ուղղակի սարսափելի տեսք ունի»,— հայտարարել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահի տարեդարձը, որը նշվել էր շաբաթվա սկզբին։
Թրամփի այս որոշումը, որի մասին հայտարարվեց Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, իսկական անակնկալ էր թե՛ Ուկրաինայի, թե՛ եվրոպական մի շարք կառավարությունների համար՝ նոր լարվածություն առաջացնելով ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների հարաբերություններում, ընդգծում է Axios-ը։
Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնի սպասվող որոշման մասին ինքն իմացել է Թրամփի հայտարարությունից ընդամենը մեկ ժամ առաջ։ Այդ նույն պահին ուկրաինական բանակցային թիմը Ֆլորիդայում հանդիպում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետները, իսկ քննարկման առանցքում պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան նոր առաջարկներն էին։
Զելենսկին պատմել է, որ դրանից մի քանի օր առաջ Ուիթքոֆի հետ զրույցում ընդգծել էր մինչև ձմռան գալուստն ու ԱՄՆ միջանկյալ ընտրությունները դիվանագիտական բեկման հասնելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ հենց ամերիկյան կողմն էր առաջարկել հանդիպել Ֆլորիդայում՝ բանակցային հնարավորությունները քննարկելու համար։
Մինչդեռ, ինչպես շեշտել է Ուկրաինայի ղեկավարը, ոչ Ուիթքոֆը, ոչ էլ Քուշները որևէ ակնարկ անգամ չեն արել ռուսական դիզվառելիքի արտահանման շուրջ պատրաստվող համաձայնագրի մասին։ Ուկրաինական պատվիրակությանը լոկ զգուշացրել են, որ Թրամփը պատրաստվում է զանգահարել Պուտինին և հնարավոր է շուտով հայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին առնչվող ինչ-որ որոշման մասին։
«Սա իսկապես անազնիվ է, քանի որ մենք ամեն ինչ անում էինք մեր հարաբերությունները լավագույնս կառուցելու համար։ Տպավորություն է, թե մի կողմից օգտվել են մեզ հետ հանդիպելու առիթից, իսկ մյուս կողմից՝ զանգահարել Պուտինին ու բանակցել նրա հետ»,— հայտարարել է Զելենսկին։
Նա նշել է, որ կողմ կլիներ ռուսական էներգակիրների սահմանափակումների մեղմացմանը, եթե դա մտներ ձմռան ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց հրաժարվելու փոխադարձ պայմանավորվածության մեջ։
«Եթե այս որոշման գինը էներգետիկ հրադադարն է, ապա նման բանակցություններն իմաստ ունեն»,— ասել է Զելենսկին։ Սակայն, նրա համոզմամբ, եթե Պուտինը համաձայնած լիներ նման գործարքի, Թրամփը դրա մասին ևս կհայտարարեր։
«Ի՞նչ շահեց նա դրանով։ Նա՞, որ ավելի շատ դիզվառելիք կունենա։ Ո՞ւմ համար։ Ավելի շատ ռուսական դիզվառելի՞ք ամերիկացիների համար։ Սա ուղղակի թուլության նշան է»,— հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա ներկայիս իրավիճակը համեմատել է Ալյասկայում Թրամփի և Պուտինի անցյալ տարվա գագաթնաժողովի հետ, որից հետո, Զելենսկու գնահատմամբ, ԱՄՆ նախագահը զիջեց ռուսական բազմաթիվ պահանջների՝ փոխարենը ոչինչ չստանալով։ «Սա կարծես երկրորդ Ալյասկան լինի»,— ասել է նա։
Այնուամենայնիվ, Զելենսկին չի պնդել, թե Վաշինգտոնն այլևս չի կարող միջնորդ լինել Կիևի և Մոսկվայի միջև։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային պատերազմը կանգնեցնելու համար նախկինի պես անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը։
«Դա հեշտ չէ։ Մեզ անհրաժեշտ են ամերիկացիները։ Մեզ պետք են ամերիկացիները, որպեսզի փորձենք կանգնեցնել այս պատերազմը»,— նշել է նա։
Միևնույն ժամանակ, նա կասկած է հայտնել, որ Մոսկվային տնտեսական արտոնություններ տվող քայլը՝ առանց ակնհայտ փոխադարձ զիջումների, որևէ կերպ կօգնի հետագա դիվանագիտությանը։ Նրա խոսքով՝ դրանից չեն շահի ոչ Ուկրաինան, ոչ էլ հենց Միացյալ Նահանգները։
Զելենսկին հայտնել է, որ պատրաստվում է ուկրաինական բանակցային թիմի հետ ամփոփել Ուիտկոֆի և Քուշների հետ հանդիպման արդյունքները։ Նա նաև ցանկանում է պարզել՝ արդյոք դիզվառելիքի որոշումը կապված է ամերիկյան պատվիրակության՝ Ռուսաստան նախատեսված այցի հետ։
«Եթե թույլ ես տալիս նրանց դիզվառելիք արտահանել, իսկ մինչ այդ ծրագրում ես բանակցությունների մեկնել Ռուսաստան, տպավորություն է ստեղծվում, թե ուղղակի գնում ես այդ հանդիպումը»,— ասել է Զելենսկին՝ հավելելով, որ չգիտի՝ արդյոք Թրամփն իսկապես նման մտադրություն է ունեցել։
«Գուցե սխալվում եմ։ Բայց կողքից հենց այդպես է երևում։ Այլապես ինչո՞ւ անել դա»,— եզրափակել է նա։





























