Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը 2023 թվականի հունիսից քննում է ֆրանսիական Thales պաշտպանական-արդյունաբերական խմբի արտերկրյա գործունեությանը, այդ թվում՝ Ադրբեջանին առնչվող հնարավոր կոռուպցիոն դեպքերը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դատախազությանը։

Ինչպես փոխանցում է գերատեսչությունը, քննությունը վերաբերում է արտասահմանում ռազմական ու քաղաքացիական ապրանքների վաճառքի կասկածելի հանգամանքներին։ 2024 թվականի հունիսի գործի շրջանակում խուզարկություններ են անցկացվել Thales-ի ստորաբաժանումներում։ Le Monde-ի տվյալներով՝ քննչական գործողություններն ընդգրկել են ընկերության տարբեր երկրների գրասենյակները։ Thales-ում հրաժարվել են մեկնաբանել ընթացող քննությունը։

Այս հետաքննության մասին հրապարակումները ի հայտ են եկել Ադրբեջանում ընկերության նախկին աշխատակից Մեհմեդ Սահանի գործի ֆոնին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Le Monde-ն, նա 2022 թվականի փետրվարից կալանավորված է այդ երկրում (նախկին գործատուից միջոցներ հափշտակելու մեղադրանքով)։

Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Սահանը հերքում է մեղադրանքները։ Le Monde-ի փոխանցած վարկածով՝ նա իր դեմ հետապնդումը համարում է Ադրբեջանում ֆրանսիական պաշտպանական խմբի գործունեության շուրջ հնարավոր կոռուպցիոն սխեմաները բացահայտելու փորձերի համար վրեժխնդրություն։

Սահանը յոթ տարի ղեկավարել է Thales-ի ադրբեջանական ներկայացուցչությունը, ինչից հետո ազատվել է աշխատանքից՝ ընթացիկ ծախսերի համար նախատեսված շուրջ հինգ միլիոն եվրոն յուրացնելու պատճառաբանությամբ։ 2026 թվականի ապրիլին Ադրբեջանի դատարանը նրան վերջնականապես դատապարտել է 10 տարվա ազատազրկման և պարտավորեցրել վճարել 4 միլիոն եվրո՝ որպես յուրացման և փաստաթղթերի կեղծման հետևանքով հասցված վնասի փոխհատուցում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ ուշադիր հետևում են Սահանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Միևնույն ժամանակ, գերատեսչության ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել գործի էությունը մեկնաբանելուց և չի պատասխանել կալանավորի առողջական վիճակի մասին հարցին, որը, Le Monde-ի փոխանցմամբ, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Thales-ում հերքել են կոռուպցիային ընկերության հնարավոր առնչության մասին պնդումները՝ դրանք անվանելով անհիմն ու գործի հանգամանքները աղավաղող։ Ընկերությունից հայտնել են, որ դատական վճիռներով վերջնականապես հաստատվել է նախկին աշխատակցի կողմից փաստաթղթեր կեղծելու և միլիոնավոր եվրոներ հափշտակելու փաստը, ինչի հետևանքով հենց Thales-ն է ճանաչվել տուժող կողմ։

Ընկերությունը դատապարտել է նաև, իր ձևակերպմամբ, «կոպիտ մանիպուլյացիայի» տարածումը, որը կարող է վնասել իր հեղինակությանը, և ընդգծել, որ անօրինական քայլերի նկատմամբ վարում է զրոյական հանդուրժողականության քաղաքականություն։