Ուկրաինան առաջիկա օրերին «Shahed» տեսակի ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի խոցման համար նախատեսված զինամթերք կստանա F-16 կործանիչների համար։ X սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կիսվելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ֆինն առաջնորդին Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանն աջակցող փաթեթի համար և ընդգծել Ուկրաինային հետագա օգնության տրամադրման կարևորությունը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ զրույցի ընթացքում նա Ստուբին տեղեկացրել է նաև ռուսական վերջին հարվածների մասին։ Քննարկման մեկ այլ թեմա են դարձել նավթամթերքի արտահանումից Ռուսաստանի ստացած լրացուցիչ եկամուտները, որոնք, ինչպես մտավախություն ունի Կիևը, կարող են ուղղվել ռազմական գործողությունների հետագա ֆինանսավորմանը։
«Մենք հանդիպումներ ենք նախապատրաստում և համակարգում ենք այն քայլերը, որոնք կարող են օգտակար լինել ստեղծված հանգամանքներում», — գրել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել գործընկերների հետ համագործակցությունը՝ բնակչությանը պաշտպանելու և պատերազմում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելու նպատակով։





























