Չինաստանը հակամիջոցներ է սահմանել Պարագվայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գուստավո Վիլյատեի և Բելիզի արտաքին գործերի նախարար Ֆրենսիս Ֆոնսեկայի նկատմամբ՝ Թայվանի հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումների պատճառով։ Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել են ՉԺՀ ԱԳՆ-ում։

«Վերջին տարիներին Պարագվայում առանձին հակաչինական տրամադրված քաղաքական գործիչներ, առաջնորդվելով անձնական շահերով, համառորեն հանդես են գալիս Պարագվայի և չինական Թայվան տարածաշրջանի միջև այսպես կոչված դիվանագիտական հարաբերությունների պահպանման օգտին», — ասվում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վիլյատեին և Ֆոնսեկային արգելվել է մուտք գործել Չինաստան, ներառյալ Հոնկոնգն ու Մակաոն։ Բացի այդ, Պեկինը կարգադրել է սառեցնել նրանց ակտիվները ՉԺՀ տարածքում և արգելել չինական կազմակերպություններին ու քաղաքացիներին նրանց հետ գործարքներ իրականացնել, համագործակցել կամ ծավալել այլ գործունեություն։ Հակամիջոցներն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 12-ին։

«Նրանք (Բելիզի որոշ քաղաքական գործիչներ։ — Խմբ.) Չինաստանին վերաբերող հարցերի շուրջ թույլ են տվել մի շարք վրդովեցուցիչ հայտարարություններ և գործողություններ՝ այդպիսով վնաս հասցնելով ՉԺՀ-ի հիմնարար շահերին», — նշվում է հաղորդագրության մեջ։