Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ամերիկացիները արձագանքել են Իրանի կողմից պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման համար առաջադրված յոթ պայմաններին, սակայն Թեհրանը նրանց արձագանքը համարում է անբավարար։
«ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի յոթ պայմաններից որոշների հետ, բայց մենք նրանց պատասխանը բավարար չենք համարում»,- X սոցիալական ցանցում գրել է Ռեզային։
Նա նշել է, որ «իրանական դիվանագիտությունը փոխվել է, և նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու»։
Ավելի վաղ Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռեզային նաև հաստատել է Իրանի առաջարկին ամերիկյան պատասխանի ստացումը։
«Մենք ամերիկացիներին առաջադրել ենք յոթ պայման. եթե դուք դրանք չկատարեք, ապա ո՛չ Հորմուզի նեղուցը ձեզ համար կբացվի, ո՛չ էլ որևէ բանակցության մասին խոսք կարող է լինել։ Ամերիկացիներն արդեն պատասխան են տվել։ Իրենց պատասխանում նրանք մասամբ համաձայնել են մեր պայմաններին, իսկ մյուսների վերաբերյալ մնացել են անորոշություններ»,- հայտարարել է Ռեզային։
Նա հիշեցրել է, որ Թեհրանը երեք փուլով բանակցություններ է անցկացրել Վաշինգտոնի հետ, և յուրաքանչյուր փուլում ամերիկացիները լքել են բանակցությունների սեղանը և հարձակվել Իրանի վրա։
«Ուստի մենք այլևս չենք վերադառնա նախկին դիվանագիտական մոդելներին։ Ինչ-որ մեկի հետ, ով ինքն է ստորագրում համաձայնագիրը, իսկ հետո դուրս գալիս դրանից, բնականաբար պետք է գործ ունենալ դիվանագիտության այլ մեթոդով»,- հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Իհարկե, մենք երբեք չենք հրաժարվել դիվանագիտությունից և չենք հրաժարվի, բայց մենք փոխել ենք դիվանագիտությունը»,- ճշտել է Ռեզային։
Իրանը առաջարկել է կրկին բացել Հորմուզի նեղուցը և վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե իր պայմանները կատարվեն, այդ թվում՝ եթե ԱՄՆ-ն դադարեցնի ծովային շրջափակումը և հանի իրանական նավթի վաճառքի սահմանափակումները։





























