Ուելսում հնագետները հայտնաբերել են IV դարի հռոմեական ռազմական ամրոց, որը, ինչպես գրում է The Guardian-ը, կարող է կապված լինել կայսր Մագնուս Մաքսիմուսի մասին լեգենդի հետ։

Դարեր շարունակ Ֆրեննի-Ֆաուր բլրի շրջանում նրա ռազմական ճամբարի մասին պատմությունը համարվել է բանահյուսություն, սակայն տեղում հայտնաբերված մետաղադրամները և այլ արտեֆակտները վկայում են, որ այս պատմությունը կարող էր իրական պատմական հիմք ունենալ։

Ամրաշինությունը 2024 թվականին հայտնաբերել է Օքսֆորդի համալսարանի հռոմեական Բրիտանիայի մասնագետ Մարկ Մերոնին։ Նրա ուշադրությունը գրավել էին Փեմբրոքշիր կոմսության դաշտի արբանյակային լուսանկարները, որոնցում երևում էին ուղղանկյուն կառույցի ուրվագծերը։ Առաջին զննության ընթացքում հետազոտողը գտել է հռոմեական կղմինդրի բեկոր, իսկ հաջորդող պեղումները բացահայտել են հնագույն ռազմական ներկայության բազմաթիվ այլ հետքեր։

Առանձնահատուկ նշանակություն են ստացել IV դարի վերջի երկու մետաղադրամները, որոնք գտել է հնագետի եղբայրը՝ Նիքը։ Դրանք վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ ապրել է Մագնուս Մաքսիմուսը՝ IV դարում Բրիտանիան կառավարած և ռազմական արշավներով հայտնի հռոմեական կայսրը։ Սակայն մետաղադրամներն ինքնին չեն ապացուցում, որ նա անձամբ գտնվել է այս ճամբարում։

Միջնադարյան վալլիական «Մաքսեն Վլեդիգի երազը» ասքում, որը մտնում է «Մաբինոգիոն» ժողովածուի մեջ, պատմվում է կայսրի վերելքի մասին։ Ըստ ավանդության՝ ռազմական զորաշարժերի ժամանակ նա ճամբար էր խփել Ֆրեննի-Ֆաուրի մոտ՝ Պրեսելի բլուրների արևելյան գագաթին։ Հայտնաբերված ամրոցը գտնվում է գագաթից մոտավորապես 3,5 կմ հարավ-արևմուտք։

Ամրաշինության չափերը կազմում են մոտ 180-ը 150 մետրի վրա։ Մերոնիի գնահատմամբ՝ այն կարող էր տեղավորել մոտ 500 զինվոր։ Ամրոցն ունի հռոմեական ռազմական կառույցներին բնորոշ՝ կլորացված անկյուններով ուղղանկյան ձև։ Գեոֆիզիկական հետազոտությունը նրա կենտրոնական հատվածում հայտնաբերել է նաև ուղղանկյուն շինություն, որը կարող էր ծառայել որպես շտաբ, ինչպես նաև դրանից հարավ ևս մեկ խոշոր կառույց, որը, ենթադրաբար, հրամանատարի տունն էր։

Այլ գտածոների թվում են երկաթե գրիչ, խեցեղենի բեկորներ, բազմաթիվ կղմինդրի կտորներ, պնդացված կավե հատակներ և սայլերի անիվների հետքեր։ Այս վկայությունների ամբողջությունը մատնանշում է օբյեկտի ռազմական նշանակությունը։

Բացահայտումը միաժամանակ կասկածի տակ է դնում այն պատկերացումը, ըստ որի հռոմեացիները գրեթե չէին ներթափանցում Ուելսի այս շրջան և խաղաղ հարաբերություններ էին պահպանում տեղական կելտական ցեղերի հետ։ Միևնույն ժամանակ, հետազոտողները դեռ պետք է ճշտեն ամրաշինության ճշգրիտ դերը և պարզեն՝ արդյոք այն իսկապես կապված է Մագնուս Մաքսիմուսի արշավների հետ։