Քրիստոնեության առաջին դարերում Հռոմեական կայսրության բնակիչները շարունակում էին պաշտպանիչ հուռութքներ կրել՝ չնայած եկեղեցական իշխանությունների դատապարտմանը։ Ավելին, հավանաբար որոշ քահանաներ իրենք էլ պատրաստում էին նման առարկաներ՝ դրանց վրա աստվածաշնչյան մեջբերումներ գրելով։ Նման եզրակացությանն է հանգել Լեյդենի համալսարանի հետազոտող Պատրիսիա Կրետը, որը ուսումնասիրել է շուրջ 300 հին հուռութք, գրում է Popular Mechanics-ը։
Հուռութքները հիվանդություններից և այլ աղետներից պաշտպանվելու համար օգտագործելու ավանդույթը Հռոմեական կայսրությունում գոյություն ուներ քրիստոնեության տարածումից շատ առաջ և պահպանվել է մոտ 700 տարի՝ մ.թ.ա. I դարից մինչև մ.թ. VI դարը։ Մարդիկ դրանք կրում էին պարանոցին, տեղադրում տներում կամ դաշտերի մոտ՝ հույս ունենալով գերբնական պաշտպանություն ստանալ։
Ըստ Կրետի՝ հատկապես ուշագրավ է, որ քրիստոնեության տարածմամբ հուռութքների նշանակությունը գրեթե չի փոխվել։ Դրանք շարունակում էին դրվել հենց այնտեղ, որտեղ պաշտպանություն կամ ապաքինում էր անհրաժեշտ։ Փոխվում էր նախևառաջ գրությունների բովանդակությունը․ հեթանոսական հմայություններն աստիճանաբար իրենց տեղը զիջում էին Աստվածաշնչից մեջբերումներին, իսկ ավելի ուշ փոխվում էր նաև առարկաների արտաքին տեսքը։ Որոշ հուռութքներ ստացել էին խաչի ձև, սակայն դրանց տերերը շարունակում էին հուռութք կրել որպես պահապան թալիսմաններ։
Միևնույն ժամանակ եկեղեցու հոգևոր հայրերը նման գործելակերպին կտրուկ բացասաբար էին վերաբերվում։ Իրենց քարոզներում եպիսկոպոսները հավատացյալներին կոչ էին անում ապավինել Աստծուն, ոչ թե հուռութքներին, և զգուշացնում էին, որ դրանց օգտագործման համար կարելի է ենթարկվել եկեղեցու նզովքին։
Սակայն արգելքներն, ըստ ամենայնի, չկանգնեցրին այդ առարկաների տարածումը։ Կրետը նշում է, որ հուռութքների վրա եղած աստվածաշնչյան մեջբերումները մատնանշում են դրանց պատրաստման գործում քահանաների հնարավոր մասնակցությունը․ այդ դարաշրջանում հենց հոգևորականներն էին հաճախ հասանելիություն ունենում Սուրբ Գրքի ձեռագրերին։
Ստացվում է, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ կարող էին պատրաստել այնպիսի առարկաներ, որոնք եկեղեցու հոգևոր հայրերը պաշտոնապես դատապարտում էին։
Հուռութքները նաև մարդկանց հնարավորություն էին տալիս նյութական ձևով առնչվելու քրիստոնեական հավատքին։ Շատ հավատացյալների համար, որոնք չունեին Աստվածաշնչի ամբողջական տեքստերին հասանելիություն, աստվածաշնչյան գրությամբ առարկան կարող էր դառնալ Սուրբ Գրքի հետ անձնական ծանոթության սակավաթիվ մատչելի միջոցներից մեկը։
Ուսումնասիրված գտածոների շարքում հետազոտողը հայտնաբերել է «աբրակադաբրա» գրությամբ մի ամուլետ, որի մնացած տողերը գրեթե ամբողջությամբ ջնջված էին։ Մյուս առարկաները, դատելով ամեն ինչից, փոխանցվել են ժառանգաբար մի քանի սերունդների ընթացքում։ Հատկապես նրան հետաքրքրել է փոքրիկ մետաղական թիթեղիկը՝ գրությամբ, որը ցույց է տալիս, որ այն որպես միգրենի դեմ բալասան է օգտագործվել։ Այն գտնվել է մեկ գերեզմանում ևս երեք այլ հուռութքների հետ, թեև թիթեղիկն ինքնին զգալիորեն ավելի հին էր, քան մնացածները։
Այսպիսի գտածոները թույլ են տալիս հետևել, թե ինչպես էին հին սովորույթները հարմարվում նոր կրոնին։ Նույնիսկ երբ փոխվում էին աստվածները, գրությունները և խորհրդանիշները, փոքր առարկաների պաշտպանիչ ուժի հանդեպ հավատը շարունակում էր ապրել։




























