Ֆրանսիայի իրավապահ մարմինները պատրաստվում են բարդ շաբաթ օրվան՝ դպրոցական բողոքի ակցիաների ֆոնին և բնակչության աճող դժգոհության պայմաններում՝ կապված կյանքի թանկության, վառելիքի թանկացման և պետական ծառայությունների աշխատանքի վատթարացման հետ։

Le Figaro թերթի տվյալներով՝ երկրում սպասվում է մոտ 500 բողոքի ակցիա, որոնք իշխանությունների կողմից ճանաչվել են որպես նախապատրաստվածության տեսանկյունից վստահելի, ինչպես նաև մոտ 90 երթ։

Ընդհանուր առմամբ սոցիալական ցանցերում տարածվել էին մոտ 700 ակցիա անցկացնելու կոչեր։ Որոշ ինտերնետ ինֆլյուենսերներ իրենց հետևորդներին կոչ էին անում արմատական գործողությունների՝ օգտագործելով «պատերազմի» մասին հռետորաբանություն։

Մասնավորապես, Ռայան PSN սթրիմերը, որի իրական անունը Ռայանն Բ. է, և որն ունի մոտ 340 հազար հետևորդ, Twitch-ում իր լսարանին կոչ էր անում մոբիլիզացվել «17-ը՝ մարտական գործողությունների գոտի» կարգախոսով։ Նա նաև կոչ էր անում գտնել «ոհմակի առաջնորդների» և մարդկանց, որոնք չեն վախենում ձերբակալություններից։ Այս հայտարարություններից հետո նրա վերաբերյալ ահազանգ է ուղարկվել համապատասխան մարմիններին։

Ֆրանսիական հատուկ ծառայությունները ուշադիր հետևում են բողոքի ակցիաների կոչերին, սակայն զգուշացնում են իրական սպառնալիքները տեղեկատվական աղմուկից և առանձին հաղորդագրությունների նկատմամբ չափազանցված ուշադրությունից տարբերակելու անհրաժեշտության մասին։

Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում արմատական խմբերի հնարավոր մասնակցությունը և այսպես կոչված black blocs-ի՝ բողոքի ակցիաների այն մասնակիցների հայտնվելը, որոնք ծածկում են իրենց դեմքերը և հաճախ դիմում են բռնության ու գույքի վնասման։