Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատերազմի եվրոպական երկրների դեմ և Ռուսաստանից բխող սպառնալիքի ու հնարավոր հակամարտությանը նախապատրաստվելու մասին խոսակցությունները «քաղաքական շիզոֆրենիայի» դրսևորում է անվանել։

«Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ուզում եմ, որ մեզ լսեն, և մենք էլ չենք ուզում, չենք պատրաստվում Եվրոպայի հետ որևէ պատերազմի»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ եվրոպական երկրները ուկրաինական հակամարտությունն օգտագործում են որպես հակառուսական արշավի առիթ։ «Դա, ինչպես հայտնի է, պատճառ կամ առիթ է դարձել արտերկրում գտնվող մեր որոշ չարակամների համար, առաջին հերթին, ինչպես այսօր տեսնում ենք, եվրոպական երկրներում, բոլոր ուղղություններով հակառուսական արշավ ծավալելու, իսկ այժմ նաև մշտապես խոսելու Ռուսաստանից բխող սպառնալիքի, Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստության մեկնարկի մասին, ինչն, ըստ իս, մի տեսակ քաղաքական շիզոֆրենիա է»,- հայտարարել է նա։

Պուտինը հույս է հայտնել, որ այդ իրավիճակը կփոխվի, և եվրոպական երկրներին կոչ է արել հաշվի առնել, իր կարծիքով, Ռուսաստանի ռազմական պարտության անհնարինությունը։

«Բոլորի համար ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանին հաղթել մարտի դաշտում անհնար է, ռազմավարական պարտություն հասցնելը՝ անիրատեսական»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հայտարարել է նաև, որ Մոսկվայի հետ համագործակցությունը կհամապատասխանի եվրոպական ժողովուրդների շահերին։ «Կարծում եմ՝ մարդիկ, որոնք բոլոր դարերում ձգտել են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, և այժմ էլ, ցավոք, այդպիսի մարդիկ կան, կգիտակցեն ժամանակակից կյանքի իրողությունները և կհասկանան, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ ապրել բարեկամաբար, դա համապատասխանում է նրանց ժողովուրդների շահերին»,- հավելել է Պուտինը։