Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում, մայիսի 27-ին, տեղի են ունեցել Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվել է ցուցադրություն: Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես են եկել դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող եւ լրագրող Վարդան Առաքելյանը արխիվային հետազոտությունների հիման վրա մանրամասներ ներկայացրել է 1920թ. Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի Գլխավոր/ Պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:
Սենատոր Վարուժան Ոսկանյանը հայտարարել է, որ ինքը, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչյանը եւ ՌՀՄ շրջանային ղեկավարներ դիմում են ներկայացրել Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերելու համար:
Այնուհետեւ Հանրապետության տոնին նվիրված ժողովրդային հանդես է տեղի ունեցել Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանավոր այդ իջեւանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը:
«Եթե մենք լավ ճանաչենք մեր պատմությունը եւ մեր արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենանք` համոզվելով, թե ինչ տոկուն եւ օժտված ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ` Կովկասից մինչեւ Կապադովկիա, Պոնտոսից մինչեւ Միջերկրական, Միջագետքից մինչեւ Բալկաններ:»,- ռումինահայերին ուղղված իր խոսքում ասել է դեսպան Համլետ Գասպարյանը:



























