5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չի մեկնաբանում Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» քանդման շուրջ բարձրացված աղմուկը: Նրա նախընտրական շտաբի պետ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ Սամվել Ալեքսանյանն առավոտվանից վատառողջ է, ջերմություն ունի եւ նույնիսկ չի մասնակցել Ապարանում այսօր` մայիսի 28-ին, անցկացվող միջոցառումներին:

Դավիթ Օհանյանը նաեւ տեղեկացրեց, որ չի խոսել Սամվել Ալեքսանյանի հետ այսօրվա ընթացքում, տեղեկություն չունի Փակ շուկայի հետ կապված եւ չի կարող որեւէ բան ասել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ: «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշել էր նախարար Հասմիկ Պողոսյանը: Սակայն արդեն այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել:

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։ Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: