Վիեննայում ՀՀ դեսպանությունում, մայիսի 26-ին, տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը եւ քարտուղար Բագրատ Բուռնազյանը:
Մասնակիցների թվում էին աշխարհի ավելի քան 20 քաղաքներ ներկայացնող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներ Բուենոս-Այրեսից, Լոս-Անջելեսից, Մոնրեալից, եվրոպական մի շարք քաղաքներից՝ Մայնի Ֆրանկֆուրտ, Մանչեստեր, Վիեննա, Բուխարեստ, Սոֆիա, Մաղրեբի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից՝ Կահիրե, Ալեքսանդրիա, Թեհրան, Հալեպ, Բեյրութ, Ստամբուլ, Նիկոսիա եւ այլն:
Նիստին ներկա էր եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարեւորության մասին մասնակիցներին ուղղված խոսքով հանդես է եկել Ավստրիայում եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել են մի շարք օրակարգային թեմաներ, մասնավորապես` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձեւերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երեւանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր:
Նույն օրը միջոցառման մասնակիցներն այցելել են Վիեննայում տեղակայված Մխիթարյան միաբանության վանական համալիր, ծանոթացել միաբանության թանգարանում պահվող գանձերին: Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում կազմակերպության աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման, հայությանը համախմբող նրա դերակատարության վերաբերյալ ելույթներով հանդես են եկել Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, Միաբանության Վիեննայի մասնաճյուղի հոգեւոր առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Ավստրիայում Հայ Եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսյանը, Ալբերտ Բոյաջյանը եւ ուրիշներ:
Մայիսի 27-ին կազմակերպության անդամները մասնակցել են Վիեննայում տեղակայված Հայ առաքելական սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողությանը:



























