«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն դեկտեմբերի 17-ին աճուրդի չի հանվելու, քանի որ սահմանված ժամին պարզվել է, որ ոչ մի գնորդ գործարանը գնելու հայտ չի ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 16-ին լրացավ գործարանը գնելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, եւ համապատասխան հայտ լինելու դեպքում էր միայն գործարանը դրվելու աճուրդի, սակայն ժամկետը լրանալուց հետո պարզվել է, որ պոտենցիալ գնորդ չկա: Չիտչյանը նաեւ հայտնեց, որ չգիտի, թե երբ է հաջորդ անգամ գործարանը աճուրդի հանվելու:
Նշենք, որ «Բջնի» գործարանը գնահատվել էր 5 մլրդ 184 մլն դրամ:
Հիշեցնենք, որ «Բջնի հանքային ջրերի գործարանը» պատկանում էր գործարար Խաչատուր Սուքիասյանին, բայց երբ վերջինս հայտնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր որոշման մասին, նրա ձեռնարկությունների դեմ հետապնդումներ սկսվեցին, իսկ «Բջնին» վերցրին գործարարի ձեռքից: Ընկերությունը մեկ անգամ, մոտ 4 մլրդ դրամով արդեն վաճառվել էր գործարար Ռուբեն Հայրապետյանին, բայց նա հրաժարվեց գործարանից, որի նկատմամբ սնանկության գործընթաց էր սկսվել:




























