Սկանդինավյան երկրներն ու Մեծ Բրիտանիան Եվրոպական հեռարձակողների միության համար էթիկայի նոր կանոններ են առաջարկել, գրել է շվեդական Dagens Nyheter պարբերականը: Մասնավորապես առաջարկվում է արգելել մրցույթին այն երկրների մասնակցությունը, որտեղ բռնապետություն է:
Նոր կաննոների հետ կապված մանրամասները քննարկվել են Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի ազգային հեռարձակողների մասնակցությամբ: Մեծ Բրիտանիան ու Ավստրիան հավանության են արժանացրել կանոնների խստացումը:
Հաշվի առնելով Հեռարձակողների եվրոպական միության անդամ ոչ ժողովրդավարական երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, ինչպես նաեւ Հունգարիա եւ նույնիսկ` Իտալիա) թիվը, հազիվ թե առաջարկությունը հաստատվի: Այն կքննարկվի եւ կքվեարկվի հունիսի վերջին Ստրասբուրգում կայանալիք Հեռարձակողների եվրոպական միության համաժողովում:



























