ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հունիսի 1-ին, ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Երամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն այս հարաբերությունների համատեքստում շարունակելու է հանդես գալ կառուցողական դիրքերից: Կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում շփումները և երկխոսությունը տարածաշրջանի երկրների միջև, ինչն առավել արդյունավետ ընթացք կհաղորդի առկա հիմնախնդիրների լուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրներին և միջազգային իրադրությանն առնչվող հարցերի շուրջ:


























