Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հունիսի 1-ին, ընդունել է Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը եւ ընդգծեց, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Սենատոր Դուրբինն իր հերթին շեշտել է, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները եւ ուրախ է Երեւան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար:

Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնակատարն ամերիկյան սենատորին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել զրուցակցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետեւողական ջանքերի համար:  

Զրուցակիցները հանգամանալից խոսել են Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ: