Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ի հայտ է բերել Հայաստանի հիմնական խնդիրները, դրանք են՝ տնտեսության ոչ ճիշտ դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ եւ մրցակցային ոչ հավասար պայմաններ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Բելգիայում, Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի կարծիքով` տնտեսական ճգնաժամը նպաստել է նաեւ աղքատության աճին, արտաքին պարտքի մեծացմանը եւ գնաճի բարձր տոկոսին: Նշելով, որ բոլոր այս գործոնները կրճատել են բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժ` Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու հարցում:
«Հարգելի գործընկերներ, մեր բարեփոխումների գաղափարախոսության հիմքում դրված է կայացած ժողովրդավարական հասարակության ստեղծման նպատակը: Դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը, ըստ մեզ, միջին խավի ձեւավորման մեջ է»,- նշել է վարչապետը եւ եվրոպացի գործընկերներին ներկայացրել Հայաստանում իրականացվելիք հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները: Մասնավորապես, գործադիրի ղեկավարն ասել է, որ կրթական ոլորտի բարեփոխումները մտավոր ներուժի մեծացման եւ սոցիալական պատկերը փոխելու ամենաարդյունավետ ուղին են հանդիսանում եւ ժամանակակից հասարակությունը չի կարող կառուցվել առանց ժամանակակից համալսարանների: Վարչապետն ասել է, որ անկախ դատական համակարգը կարող է երաշխիք հանդիսանալ ժողովրդավարական իրավունքների եւ ձեռնարկատիրության զարգացման համար: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունվել է երկրի արտահանման խթանմանն ուղղված նոր ռազմավարություն, որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր եւ հաստատել պետություն-մասնավոր հատված համագործակցություն: «Մեր առաջնահերթություններից է հանդիսանում գործարար միջավայրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Այս նպատակին հասնելու հիմնական գործոնը հանդիսանում է մենաշնորհի վերացումը: Միեւնույն ժամանակ, մրցակցությունը հնարավոր չէ ապահովել առանց հարկային եւ մաքսային բարեփոխումների: Մենք քաջ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը հանգեցնում է մեր կառավարության նկատմամբ վստահության նվազման: Ես վստահ եմ, որ ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը հնարավորություն կընձեռի համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այն մեզ հնարավորություն կընձեռի կառավարել ռիսկերը եւ ապահովել մակրոտնտեսական կայունություն»,-նշել է Տիգրան Սարգսյանը:



























