Արդարադատության նախարությունում, այսօր` հունիսի 4-ին, մեկնարկել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումները:

Ստուգումներին հայտագրված անձինք քննական հանձնաժողովի կողմից բաժանվել են խմբերի՝ ըստ համապատասխան լեզուների: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տեւողությունը 3 ժամ է, անցկացման ձեւը՝ գրավոր: Այսօր քննությունը սկսվեց առավոտյան 8 անց 45-ին: Ստուգմանը մասնակցող 3 խմբից 2-ի օտար լեզուն ռուսերենն էր: Երրորդ խմբում էին ընդգրկված այլ օտար լեզուներից՝ բացառությամբ անգլերենի եւ ռուսերենի, քննություն հանձնողները:

Այսօր մեկնարկած նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման համար նախապես ցուցակագրված 95 մարդուց ստուգմանը չի ներկայացել երկուսը, իսկ մի հոգի ընթացքում հրաժարվել է շարունակել:

Վաղը քննություն կհանձնեն միայն անգլերենից՝ նախապես ցուցակագրված եւ 3 խմբի բաժանված քաղաքացիները:

Հիշեցնենք, որ ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավորանոց համակարգով: Դրական են համարվելու 17 եւ բարձր միավորները: Հանձնաժողովի կողմից սահմանվել են էական եւ ոչ էական սխալների սահմանումները՝ էական են համարվելու այնպիսի սխալները, թարգմանությունները, բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում հանվելու է 2 միավոր: Ոչ էական են համարվելու այն սխալները, որոնք իրենց մեջ չեն պարունակելու էական սխալ (օր.՝ քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա չազդող շարադասական սխալներ): Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում հանվելու է 0.25 միավոր: