Իրական վտանգ կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երեւան եւ Բաքու:
«Շատ դրական է, որ Հիլարի Քլինթոնը բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության հարցը Հարավային Կովկասի երեք երկրներում: Դա տեղի էր ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերաբերյալ հաղորդագրություններին զուգահեռ:
Այդ ամենը վկայում է, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է Ֆրեյզերը ադրբեջանական Turan գործակալությանը:
«Իրական սպառնալիք կա, որ հակամարտությունը դուրս կգա վերահսկողությունից, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կսկսեն հրաձգությունը` ամեն զոհի համար վրեժ լուծելու նպատակով: Բայց երբ դա տեղի ունենա, կողմերի համար բարդ կլինի նահանջել անդունդի եզրից կամ արագ հաղթել պատերազմը»,- նշել է նա:
«Սա առաջին դեպքն էր, երբ պետքարտուղարը հրապարակայնորեն հայտարարել է խաղաղության որոնումներին մանսակցելու մտադրության մասին: Դա շատ դրական հայտարարություն է»,- կարծում է Ֆրեյզերը:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն այժմ ավելի կարեւոր դեր կխաղա»,- ասել է փորձագետն ու հավելել. «Վերջին հաշվով, Ադրբեջանին ու Հայաստանին անհրաժեշտ է, որ իրենք ցանկանան խաղաղ համաձայնագիր, որ պարտադրված չի լինի ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի կողմից»:



























