Աստանայում, այսօր` հունիսի 7-ին, կայացել է առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը համակարգող հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հունիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ եւ ՂՀ գերատեսչությունների ու նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպումը, որտեղ քննարկվել են վերոնշյալ նիստին առնչվող հարցեր: Հաջորդ օրը` հունիսի 7-ին, հայկական եւ ղազախական կողմերի համանախագահների` Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի եւ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Եվգենի Ամանի նախագահությամբ անցկացվել է հանձնաժողովի 4-րդ նիստը:
Նիստում քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկուստեք ընդգծվել է հայ-ղազախական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաեւ դրա իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու կարեւորությունը: Կողմերը նախանշել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները եւ կոնկրետ ուղղությունները, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ավիափոխադրումների, ներդրումների, արդյունաբերության, տեխնոլոգիաների բնագավառներում: Քննարկվել են նաեւ մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրերի նախագծեր եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նիստի աշխատանքներին մասնակցություն են ունեցել ՂՀ-ում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը եւ ՀՀ-ում ՂՀ դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Հունիսի 8-ին հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքները:




























