Հայաստանի կառավարությունում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների կատարման ընթացքի մասին խորհրդի անդամների հաղորդումները, ինչպես նաեւ որոշվել է՝ համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 2009 թ. հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման 5-րդ կետի պահանջների` մինչեւ 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության 2009 թ. միջոցառումների իրականացման արդյունքները:
Քննարկվել են ՀՀ քաղաքական գործունեության թափանցիկության մասին հայեցակարգի նախագիծը եւ դրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերի հիմնական դրույթները: Հանձնարարվել է Եվրամիության խորհրդատվական խմբի հետ եւս մեկ անգամ անդրադառնալ հիշյալ հայեցակարգի դրույթներին եւ դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել են նաեւ «ԳՐԵԿՈ»-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Հանձնարարվել է վարչապետին՝ ներկայացնել պարտավորությունների կատարման ժամանակացույց:



























