Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում է կայացրել խստացնել հսկողությունը լայն սպառման մի շարք ապրանքների վաճառքի եւ գների վրա:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սոցիալական առավել մեծ նշանակություն ունեցող ապրանքների իրացման գների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքները վկայում են բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի և շաքարավազի շուկաներում վերջին շրջանում արձանագրված իրացման գների բարձրացման միտումների մասին: Հանձնաժողովը սկսում է իրականացնել վերոնշյալ շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների չհիմնավորված բարձրացման միջոցով օրենքի հնարավոր խախտումների կանխման և բացահայտման միջոցառումներ եւ տնտեսվարողներից պահանջել է գների յուրաքանչյուր բարձրացման դեպքում հիմնավորումներ ներկայացնել:
Այսպես, բենզինի շուկայում դա վերաբերելու է «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ին, «Միկա քորփորեյշն»-ին, «Քաղ Պետրոլ Սերվիս»-ին, դեղորայքի շուկայում՝ «Նատալի Ֆարմ»-ին, «ԱլֆաՖարմ»-ին, «ԱռգոՖարմ»-ին եւ 22 այլ ընկերությունների: Բուսական յուղի շուկայում՝ «Ալեքս-Գրիգ»-ին, «Դոստ Ինթերնեյշընըլ»-ին եւ այլն: Շաքարավազի շուկայում`"Ալեքս-Գրիգ"-ին, ձվի շուկայում`"Լուսակերտի ՏԹՖ" ՍՊԸ-ին, «Արաքս ԹՖ» ՓԲԸ-ին, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ին եւ այլոց:




























