Հայաստանը ունեցել է մեծ ցանկություն՝ կարգավորել հարաբերությունները մեր հարեւան երկրի հետ, եւ համապատասխան արձագանք է ստացել: Այդ մասին թուրք լրագրողների հետ հանսիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը, չնայած որոշ թուրքական թերթեր կարծիքներ են հայտնում, թե Թուրքիան է նախաձեռնողը եղել։ «Այդպես չի եղել, հրավերը եւս եղել է ՀՀ նախագահի կողմից։ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին դիտելու Թուրքիայի նախագահին հղած ՀՀ նախագահի հրավերին թուրքական կողմը պատասխանել է միայն սեպտեմբերի 4-ին, շատ երկար տատանվելուց հետո։ Դա եղավ մեկնարկը, եւ սկսվեցին բանակցությունները։ Մենք բանակցել ենք շատ ինտենսիվ, հաճախ մեկ բառի վրա ժամեր եւ օրեր ենք աշխատել, բայց եկել ենք ընդհանուր համաձայնության, եւ այդ համաձայնությանը մենք եկել ենք փետրվարի սկզբին։ Այս գործընթացը ձգվեց մինչեւ նախաստորագրումը՝ ապրիլի սկիզբը, ո՞ւմ պատճառով։ Ես չեմ ուզում նշել ինչ-որ մեկին, բայց ինքներդ եզրակացրեք։ Նախաստորագրումից հետո մենք ստորագրեցինք հոկտեմբերի 10-ին. ինչո՞ւ համար, ո՞ւմ պատճառով։ Ես չեմ պատասխանի, դուք ինքներդ պատասխանեք։ Հոկտեմբերի 10-ին մենք ստորագրեցինք, եւ այստեղ կա փոխըմբռնում ամբողջ միջազգային հանրության կողմից, որ այս փաստաթղթերը պետք է վավերացվեն հնարավորինս արագ, ողջամիտ ժամկետներում, առանց նախապայմանների»,- նշեց Նալբանդյանը։
Նալբանդյանն ընդգծեց, որ աշխարհում չկա երկիր, որ չողջունի այս գործընթացը, բացի մեկից ՝ Ադրբեջանից։ Նախարարը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա, իսկ Ադրբեջանը այս տարածաշրջանի մի մասն է։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որեւէ մեկի դեմ չէ, սա միայն մենք չենք ասում, այլ բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հայտարարեցին, թե այս գործընթացը որեւէ մեկի դեմ չէ, այլ հակառակ՝ բոլորը շահագրգիռ են այս գործընթացում, որովհետեւ սա դրական կարող է լինել թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ տարածաշրջանի երկրների համար։ Եթե 20-րդ դարում չկարողացանք լուծել, գոնե 21-րդ դարում լուծում գտնենք»,- ասաց նա։
«Իհարկե, կապելը խոչընդոտ է, միանշանակ, որովհետեւ երբ որ պայմանագիրը երկկողմ է ստորագրվում, մեկ բան է, երբ միջազգային պայմանագիր է, բազմակողմանի է, մի այլ բան է։ Դուք լսե՞լ եք Հայաստանի կողմից որեւէ նախապայման, իհարկե՝ ոչ։ Եվ ակնհայտ է, որ նախապայմաններ եւ կապվածություններ, վերապահումներ անելը խոչընդոտ է գործընթացին։ Հայաստանը եւ Ղարաբաղը չեն, որ ռազմատենչ հայտարարություններ են անում ամեն հանդիպումից առաջ՝ ցույց տալու համար, որ բանակցությունները տապալվեցին։ Միգուցե դա նաեւ նրա համար է արվում, որ խոչընդոտի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց նախարարը:




























