Օրերս Մրգաշատի ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը, որդուն տեսնելով մահացած վիճակում, փորձել է ինքնասպանություն գործել:
ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց NEWS.am-ի այս տեղեկությունը եւ ավելացրեց, որ իր հրահանգով հիվանդանոց ուղարկված օպերլիազոր Կարենը Հակոբյանը փրկել է խեղդված տղայի հոր` Աբգար Խաչատրյանի կյանքը: «Տեղեկություն ստացանք, որ Մեծամորի հիվանդանոցում հավաքվել են երեխայի հարազատները եւ լարված վիճակ է: Ես անմիջապես օպերներին ուղարկեցի հիվանդանոց եւ պարզվեց, որ տեղին էր: Խեղդված երեխայի հայրը` Աբգար Խաչատրյանը լինելով Արմավիրի ռազմական բազայի ուսումնական մասի պետի տեղակալ, տեսնելով երեխային մահացած վիճակում, զենքը հանում է, որ ինքը իրեն խփի, ասելով, թե իր ապրելը սրանից հետո ավելորդ է: Սակայն մեր օպերներից` Կարենը Հակոբյանը, նրա ձեռքից վերցնելով զենքը, կանխել է ինքնասպանությունը»,-պատմեց Մուշեղ Օհանյանը:
Վերջինիս նույնիսկ Ռազմական վարժարանի տնօրենը շնորհակալագիր է ուղարկել երեխայի հոր կյանքը փրկելու համար: Մուշեղ Օհանյանից նաեւ տեղեկացանք, որ երեխայի խեղդվելու փաստով քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության պատճառով:
«Երեխաներով գնացել են ջրամբարում լողանալու, ինչի արդյունքում այդ դժբախտ դեպքն է տեղի ունեցել»,- ավելացրեց Մուշեղ Օհանյանը:




























